ԱՄՆ բանակի հրամանատարությունը հետաքրքրվել է ռազմական կետերում սննդի եռաչափ տպագրության հնարավորությամբ, հայտնում է The ArmyTimes-ը: Նախնական ուսումնասիրություններն արդեն սկսվել են: Տեխնոլոգիայի մշակմամբ զբաղվում է ԱՄՆ պաշտպանության նախարարության ռազմական սննդի ապահովման վարչությունը (CFD):
Հիմնական առաջադրանքները, որոնք կլուծեն սննդային 3D-տպիչները, կլինեն զինծառայողի հայտով բալանսավորված սննդի տպագրությունը և սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի, հակաօքսիդանտների, վիտամինների, աղերի, հանքանյութերի և Օմեգա-3 տիպի պոլիհագեցած ճարպային թթուների տարբեր համադրությունների օգտագործման հաշվին մարտիկների ֆիզիկական և ճանաչողական որակների բարձրացումը: Բաղադրիչների տարբեր համադրությունները կորոշվեն՝ ելնելով մարտիկի ծառայության տիպից:
Հատկապես ինչպես կիրագործվի սննդի եռաչափ տեխնոլոգիան՝ առայժմ հայտնի չէ: Ենթադրաբար, 3D-տպիչները կլիցքավորվեն տարբեր սննդային մածուկներով, որոնցից տպելու ընթացքում հնարավոր կլինի ստանալ, օրինակ, շոկոլադե բատոն: Վերջնական փուլում գիտնականները մտադիր են համբուրգերների և սթեյքերի տպագրության միջոց ստեղծել: Թե երբ նոր տեխնոլոգիան հասանելի կլինի ամերիկացի զինվորներին՝ առայժմ պարզ չէ:







































