Wednesday, 22 07 2026
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ

Ղարաբաղյան պատերազմի կարևոր ճակատը․ Հրայր Թամրազյանը՝ հայ-ադրբեջանական տեղեկատվական մրցավազքի մասին

«Առաջին լրատվական»-ը զրուցել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանի հետ:

Ընդհանուր դաշտում՝ թե՛ տեղեկատվական, թե՛ ռազմական, պատերազմ էր: Որքանո՞վ էր Հայաստանի լրատվական դաշտը կարողանում ճիշտ լուսաբանել: Օրինակ՝ համեմատություն են անցկացնում Ադրբեջանի լրատվության հետ և ասում, որ մենք այս առումով առավելություն ունենք: Դուք ինչպե՞ս եք գնահատում:

 – Ես կարող եմ ասել, որ Հայաստանի լրատվական դաշտն ավելի բաց է՝ մեզ մոտ գրաքննություն չկա: Հատկապես խոսքը ինտերնետային լրատվամիջոցների, ինտերնետային դաշտի մասին է՝ նկատի ունեմ սոցցանցերը և ընդհանրապես ինտերնետային լրատվությունը՝ դա կարող է լինել ինտերնետ-TV կամ ամսագիր, օրագիր, թերթ: Դրանք, ըստ էության, Հայաստանում գրաքննության չեն ենթարկվում, և այս իմաստով մենք մեծ առավելություն ունենք: Օրինակ՝ ադրբեջանցիների մոտ, ինչպես գիտենք, ցանկացած լրատվամիջոց, այդ թվում նաև՝ ինտերնետային, բոլոր լրատվամիջոցները վերահսկվում են կառավարության կողմից: Այստեղ մենք ունենք գրաքննության առավելություն՝ այն իմաստով, որ մարդիկ ազատորեն շփվում են սոցիալական ցանցերում, խոսում են, քննարկում, քննադատում իշխանության գործողությունները, նույնիսկ զինվորական իշխանությունների:

Կարդալով անգլերեն կամ ռուսերեն տեղեկատվությունը՝ Արևմուտքում տպավորությունն ավելի դրական է, քանի որ տեսնում են՝ այստեղ մամուլը բաց է, մարդիկ ազատ են, հասարակությունը բաց է, և քննարկում են բոլոր խնդիրները՝ առանց որևէ տաբուների: Այս իմաստով Արևմուտքում հայկական տեղեկատվությունը ավելի վստահելի է գնահատվում: Նրանք տեսնում են, որ մարդիկ ազատ քննարկում են, ազատ քննադատում են իշխանություններին, որ ընդդիմությունն ազատ իր լրատվամիջոցներն ունի, և մեր բոլոր լրատվականները անգլերեն, ռուսերեն էջեր ունեն՝ եթե չեմ սխալվում, ուստի Արևմուտքից որևէ մեկը այցելում է՝ տեսնում, որ այդտեղ ազատ քննարկումներ են ընթանում: Հետևաբար այն տեղեկատվությանը, որ հրապարակվում է ռազմադաշտում՝ սահմանային շրջանում տեղի ունեցող բախումների մասին, նրանք վերաբերվում են արժանահավատորեն: Դրա համար հայկական կողմից ստացվող տեղեկությունները հաճախ գնահատում են որպես ճշմարիտ տեղեկատվություն:

Մինչդեռ ադրբեջանական կողմից ստացվող տեղեկատվությունը միշտ կասկածի տեղիք է տալիս, ու ակնհայտ է, որ ադրբեջանական իշխանությունները շատ խիստ գրաքննության են ենթարկում. մենք գիտենք, որ բազմաթիվ բլոգերներ այնտեղ բանտերում են: Որքան գիտեմ՝ երեկ, թե այսօր ձերբակալվել էր ադրբեջանցի իրավապաշտպան, ում Պրահայում մրցանակ է սպասվում: Եվ այս ամենը շատ բացասաբար է դիտվում:

Ինչ վերաբերում է տեղեկատվության ոլորտում մրցակցությանը կամ, ինչպես Դուք եք ասում, պատերազմին, ապա ես կարծում եմ, որ այդտեղ մեր լրատվամիջոցները ավելի շահեկան դիրքում են՝ հենց այն առումով, որ ավելի ազատ են:

 – Լայնամասշտաբ պատերազմի դեպքում զանգվածային լրատվամիջոցների առաջնահերթությունը ո՞րը պետք է լիներ՝ ազատությո՞ւնը, հստակ տեղեկատվությո՞ւնը, թե՞ քարոզչությունը:

 – Այս դեպքում ամեն երկիր իր օրենքներն ունի: Եթե դա գաղտնի տեղեկատվություն է, ապա կարգավորվում է օրենքով, թե ինչպես կարող է լրատվամիջոցը տվյալ տեղեկատվությունը հաղորդել կամ այդ տեղեկատվության մասին տվյալներ հաղորդել: Կան օրենքներ, որոնց բոլոր երկրներն են հետևում, այնպես որ՝ եթե այդ օրենքները պահպանվում են, ապա մնացած ամեն ինչ կարող է բաց լինել: Եթե կա ռազմական գաղտնիք, ապա ռազմական գաղտնիքը ռազմական գաղտնիք է՝ ի՞նչ կարող ես անել: Հո չե՞ս կարող ասել, թե որտեղ են քո զորքերը տեղակայված: Դա մի տեղեկատվություն է, որը գաղտնի է: Բոլոր երկրներում է այդպես: Այնպես որ՝ այն, ինչը որ հրապարակվելիք է, այն, ինչը որ մատչելի է հանրությանը, այն, ինչը որ իրենք՝ զինվորական իշխանությունները, թույլ են տալիս, որպեսզի լրատվամիջոցները լուսաբանեն, պետք է լուսաբանվի: Ամբողջ խնդիրն այն է, որ տեղեկատվությունը չպետք է քաղաքականացվի: Այդ իմաստով ադրբեջանական կողմը քաղաքականացնում է ցանկացած տեղեկատվություն, հարմարեցնում իշխող վարչակարգի կարիքներին: Հիմա, գիտեք, Իլհամ Ալիևը իր ողջ ճառը, որ արտասանեց Աղդամում, փաստորեն տեղադրել է Twitter-ում: Իր ճառի ամեն պարբերությունը դարձրել է twit և հրապարակել: Իսկ դա արտառոց բան է, աշխարհում նման բան չկա, որ ամբողջ ճառը դնես հրապարակես Twitter-ում:

 – Այսինքն՝ ինչ-որ զավեշտալի վիճակում էին հայտնվել:

– Այո, իսկապես: Ինչպես գիտեք, ձերբակալել են Արիֆ Յունուսովին, ով հայտնի իրավապաշտպան է և խաղաղության կողմնակից: Ըստ էության, խաղաղության օգտին հանդես եկող բոլոր գործիչներին, քաղաքացիական հասարակության այդ հանրահայտ անդամներից բոլորին ձերբակալեցին: Ըստ էության, այս լարված իրավիճակից օգտվելով՝ Ադրբեջանի իշխանությունը հաշվեհարդար է տեսնում ընդդիմության հետ և ձերբակալում ընդդիմության ամենաակնառու ներկայացուցիչներին: Եվ սա շատ տխուր փաստ է, և կարծեմ՝ Ադրբեջանն էլ է գիտակցում, թե ինչ է կատարվում: Այնպես որ՝ այս «տեղեկատվական պատերազմ» կոչվածում այնքան ակնհայտ է Արևմուտքի համար, թե ինչ է կատարվում Ադրբեջանի տեղեկատվության ոլորտում: Ուստի հազիվ թե Արևմուտքում հավատան այն տեղեկատվությանը, որն այսօր Ադրբեջանը ներկայացնում է սոցցանցերում կամ հրապարակում լրատվամիջոցներում:

Մենք տեսանք, որ ռուս-ուկրաինական պատերազմի դեպքում պատերազմն ավելի շատ տեղեկատվական ոլորտում է, քան ռազմադաշտում: Հետաքրքիր է՝ ո՞ւմ նյարդերը տեղի կտան և ի՞նչ կարող է անել այսօր տեղեկատվական պատերազմը ռազմական պատերազմին՝ կարո՞ղ է հաղթել :

Մեզ մոտ, փառք Աստծո, դեռ պատերազմ չէ: Մենք հույս ունենք, որ ինչպես մեր ղեկավարներն են ասում, ինչպես Սեյրան Օհանյանն է ասում՝ առայժմ վտանգ չի տեսնում, որ այս բախումները վերաճեն պատերազմի: Այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում և Ռուսաստանում, դա ավելի մեծ մասշտաբի կոնֆլիկտ է, հակամարտություն է, աննախադեպ իրադարձություն: Այստեղ ոչ միայն առճակատվում են Ռուսաստանն ու Ուկրաինան, այլև Ռուսաստանն ու ԱՄՆ-ը: Այսօր այդ տեղեկատվական բախումը տեղի է ունենում ոչ թե Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, այլև Արևմուտքի և Ռուսաստանի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև: Մենք ունենք բազմաթիվ փաստեր, որոնք ցույց են տալիս ռուսական կողմի շատ անբարեխիղճ վերաբերմունքը տեղեկատվության նկատմամբ: Նրանք վերցնում են այլ կայքերից, այլ երկրներում զոհված մարդկանց լուսանկարներ և տեղադրում իբրև Արևելյան Ուկրաինայում զոհված մարդկանց նկարներ: Այսպիսի աղաղակող, այսպիսի սուտ ուղղակի դժվար է պատկերացնել որևէ այլ երկրում: Ես չգիտեմ՝ ինչ է կատարվում, բայց ռուսական քարոզչամեքենաները անցել են բոլոր սահմանները:

Որոշ ժամանակ առաջ միշտ խոսվում էր ռուսական լրատվամիջոցների պրոֆեսիոնալիզմի մասին, և փաստացի թերագնահատվում էր հայկական լրատվամիջոցների աշխատանքը: Փաստորեն, ռուսական լրատվամիջոցները ռուս-ուկրաինական պատերազմում ցույց տվեցին իրենց՝ չասեմ ապիկարությունը, գոնե, համենայնդեպս, ոչ պրոֆեսիոնալիզմը:

Նրանք կարողանում են շատ պրոֆեսիոնալ կերպով ստել՝ այսպես ասենք: Նրանք պրոֆեսիոնալ կերպով տիրապետում են լրատվամիջոցների տեխնիկական կողմին, բայց ոչ ասենք՝ լրատվությանը: Նրանց մոտ էլ տարիներ շարունակ, ասենք, խոսքի ազատության մեծ խնդիրներ կան: Նախագահ Պուտինի նախագահության այս վերջին ժամկետն աչքի ընկավ հենց նրանով, որ լուրջ ճնշումների ենթարկվեցին, փակվեցին ազատ լրատվամիջոցները: Այսօր մենք չունենք որևէ ռուսական հեռուստաալիք, որը ազատ լինի: Մենք գիտենք, թե ինչ վիճակում է «Դոժդը», որն ընդամենը ինտերնետային հեռարձակող է: Մենք գիտենք, որ այն շատ ծանր ֆինանսական վիճակում է և հազիվ է կարողանում գոյատևել: Ըստ էության, դա միակ լրատվամիջոցն է, որը որոշ կողմերի հնարավորություն է տալիս արտահայտել իրենց տեսակետը: Ողջ Ռուսաստանում այսօր մենք չունենք ազատ հեռարձակող որևէ լրատվամիջոց: Էլ չեմ ասում սոցցանցերի, ինտերնետային լրատվամիջոցների, ինտերնետային բազմաթիվ սահմանափակումների մասին: Ամբողջական հարձակում է սկսվել լրատվամիջոցների խոսքի ազատության դեմ: Այնպես որ՝ այնտեղ իրավիճակը շատ ծանր է: Այո, Հայաստանն այդ առումով շատ բարվոք վիճակում է: Ոչ մի համեմատություն:

Քանի որ տեղեկատվության հենց ներսում եք, ըստ Ձեզ՝ ո՞ր ոլորտը կարողացավ լավ աշխատել: Շատերը քննադատում են այս օրերին ԱԳՆ-ի լռությունը, փոխարենը ասում են, որ պաշտպանության նախարարությունը կարողացավ ադեկվատ արձագանքել: Կար մի կառույց, որն իսկապես համահունչ էր ստեղծված իրավիճակին՝ նկատի ունեմ մամուլի հետ աշխատելու առումով:

Մամուլի հետ աշխատելու առումով պաշտպանության նախարարության խոսնակները բավականին լավ մոտեցում ունեն, կարողանում ենք իրենց զանգահարել, խոսել, հաղորդակցվել: Նաև պաշտպանության նախարարը հանդես եկավ մամուլի ասուլիսով, երեկ ելույթ ունեցավ կառավարությունում: Մենք կարողացանք հարցեր ուղղել, եթե ինչ-որ հարցեր կային: Այս իմաստով մենք տեղեկատվության պակաս չունեցանք: Հնարավորություն ստացանք նաև այցելել այդ սահմանային գյուղեր և այդտեղից ռեպորտաժներ տալ: Կարծում եմ, որ մեր լրատվամիջոցները բավականին ազատորեն կարողանում են շրջել երկրով մեկ և տեղեկատվություն հաղորդել: Մենք նույնիսկ կարողանում ենք Լեռնային Ղարաբաղ գնալ և տեսնել, թե ինչ է կատարվում այնտեղ: Այս իմաստով՝ այո, պաշտպանության ոլորտի մամլո խոսնակը շատ ավելի արդյունավետ է: Բայց ես չէի ուզենա որևէ այլ նախարարության այստեղ հանդիմանել: Քանի որ այստեղ խոսքը ռազմական գործողությունների մասին էր, ուստի և ռազմական գերատեսչությունները շատ ակտիվ պետք է լինեին մամուլի հետ աշխատելիս, և այդպես էլ եղավ: Մենք կարողացել ենք պատերազմի շատ վետերանների հետ խոսել, նրանց հրավիրել ստուդիա, նրանք իրենց փորձն են կիսել: Այնպես որ՝ մենք տեղեկատվության պակաս չենք ունեցել: Արտգործնախարարությունը շատ ավելի պասիվ է: Բայց մենք միշտ հնարավորություն ենք ունեցել խոսել փոխարտգործնախարարի հետ, այնպես որ՝ այդտեղ ոչ մի խնդիր չեմ տեսնում: Նաև արտգործնախարարը մեկնաբանություններով հանդես եկավ: Բնականաբար, ռազմական գերատեսչությունները պետք է լինեին մամուլի հետ ավելի ակտիվ աշխատող կառույցներ, և այդպես էլ եղավ:

Ստեղծված իրավիճակում ի՞նչ պետք է աներ զանգվածային լրատվամիջոցները առաջին հերթին:

 – Տեղի չտալ, անպայման ստուգել աղբյուրները՝ երկու-երեք աղբյուրի օրենքը պետք է պահպանել: Եթե մի կայք հաղորդում է, որ այսպիսի բան է եղել՝ ադրբեջանական օդուժը բարձրացել է երկինք, դա չի կարելի հաղորդել՝ մինչև չճշտվի, մինչև չունենաք անկախ աղբյուրի կողմից նման հաղորդում: Ես կարծում եմ՝ չպետք է սենսացիայի ետևից վազել և շտապել, թե ով առաջինը կհրապարակի այդ հայտարարությունը: Այսօր շատերն են ցանկանում, որ իրենց կայքէջերի այցելուների թիվը ավելանա, բայց չի կարելի հանուն այդ այցելությունների թվի ավելացման հանրությանը ահաբեկել: Գուցե այսօր դուք կունենաք շատ այցելություններ, բայց մեկ շաբաթ հետո այցելուներ չեք ունենա, որովհետև ոչ ոք չի հավատա ձեզ: Շատ հստակ օրենք է դա. ոչ մի պայմանով չպետք է կորցնել տեղեկատվության վստահությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում