ԱՄՆ-ի 90 քաղաքներում հինգշաբթի և ուրբաթ բողոքի ակցիաներ են անցկացվել՝ կապված Ֆերգյուսոն քաղաքում (Միսսուրի) օրեր առաջ ոստիկանի կողմից անզեն սևամորթ դեռահասի սպանության հետ: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը:
Ոստիկանը օգոստոսի 10-ին կրակել էր 18-ամյա Մայքլ Բրաունին: Դեպքից հետո քաղաքում մի քանի օր անկարգություններ են տեղի ունեցել, մի քանի բնակիչ տուժել են ոստիկանության հետ բախումներում: Ոստիկանությունն ամբոխը ցրելու համար արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ է կիրառել:
Ցույցեր են անցկացվել այնպիսի խոշոր քաղաքներում, ինչպիսիք են Լոս Անջելեսը, Սան Դիեգոն, Ատլանտան, Սիեթլը, Մայամին, Ֆիլադելֆիան, Վաշինգտոնը:
Միջադեպերի և ոստիկանության միջամտության մասին չի հաղորդվում: Ավելի վաղ դաշնային ոստիկանությունը խոստացել էր ձերբակալել իրավապահների պահանջներին չենթարկվող ակցիայի մասնակիցներին:









































