Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը էներգետիկայի և բնական պաշարների ու քաղաքաշինության նախարարներ Երվանդ Զախարյանի և Նարեկ Սարգսյանի, ինչպես նաև Երևանի նախկին քաղաքապետ Մուրադ Մուրադյանի հետ միասին ներկա է գտնվել ՀՀ վաստակավոր ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի ծննդյան 80-ամյակին նվիրված «Նախագծեր և իրականացումներ» խորագրով ցուցահանդեսի բացմանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, Երևանի պատմության թանգարանի նախասրահում կազմակերպված ցուցադրությանը, որին տեղում ծանոթացել են նաև ճարտարապետի գործընկերներն ու մտերիմները, ներկայացվել են Գուրգեն Մուշեղյանի կյանքն ու գործունեությունն արտացոլող փաստավավերագրական նյութեր, լուսանկարներ:
Շնորհավորելով վաստակաշատ ճարտարապետին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել Գուրգեն Մուշեղյանի ավանդն ու ներդրումը 20-րդ դարի երկրորդ կեսում Երևանի քաղաքաշինական զարգացման գործում: Գուրգեն Մուշեղյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Տարոն Մարգարյանին և Երևանի նախկին քաղաքապետերին ու գլխավոր ճարտարապետներին՝ գնահատանքի և մշտական ուշադրության համար:
Միջոցառման ժամանակ Գուրգեն Մուշեղյանը Կարեն Դեմիճյանի անվան մարզահամերգային համալիրի, «Հրազդան» մարզադաշտի և մի քանի այլ աշխատանքների նախագծային 3 ալբոմները նվիրել է Երևանի պատմության թանգարանին:
Ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում ունեցած նշանակալի ավանդի, հասարակական ակտիվ գործունեության, ինչպես նաև ծննդյան 80-ամյակի առթիվ Գուրգեն Մուշեղյանը Հայաստանի ճարտարապետների միության կողմից պարգևատրվել է պատվո դիպլոմով և ոսկե հուշամեդալով:
Ցուցահանդեսը բաց կլինի շուրջ մեկ ամիս: Մուտքն ազատ է:







































