Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևի հետ կքննարկի երկկողմ հարաբերություններն ու Մաքսային միությանը հանրապետության միանալու հեռանկարները: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Սոչիում պետությունների ղեկավարների բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել ռուս-ղրղըզական հարաբերություններին առնչվող առանցքային հարցեր, ինչպես նաև քննարկել Բելառուսի, Ղազախստան և Ռուսաստանի Մաքսային միությանը Ղրղըզստանի միանալու «ճանապարհային քարտեզի» իրականացման ընթացքը»,- հայտնել են Կրեմլի մամլո ծառայությունում:
Ներկայումս Ռուսաստանը Ղրղըզստանի համար գլխավոր առևտրա-տնտեսական գործընկերներից մեկն է: Երկրների միջև ապրանքաշրջանառությունը զգալիորեն մեծացնել կհաջողվի Եվրասիական տնտեսական միությանը Ղրղըզստանի միանալուց հետո, ինչով ծայրաստիճան հետաքրքրված է Բիշքեկը:









































