Այսօր, ինչպես սպասվում է, Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը կներկայացնի հակառուսական պատժամիջոցների փաթեթ: Նա այդ թեմայով հատուկ ճեպազրույց կանցկացնի Երևանի ժամանակով ժամը 15.00-ին: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով նախարարների կաբինետի մամլո ծառայությանը:
Հինգշաբթի արդարադատության նախարար Պավել Պետրենկոն հստակեցրել էր, որ կառավարությունը կհայտարարի մի շարք ոլորտային և անձնական պատժամիջոցների մասին՝ հասկացնել տալով, որ այդ միջոցառումները կուղղվեն նրանց դեմ, ովքեր աջակցում են Ուկրաինայի արևելքի անջատողականներին, ինչպես նաև Ռուսաստանին Ղրիմի բռնակցմանը:
Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն իր հերթին հայտարարել է, որ ցուցակում կներառվեն Ղրիմի բռնակցմանն աջակցող մշակութային գործիչները, Դաշնային խորհրդի անդամները, Պետդումայի պատգամավորները, Ռուսաստանի անվտանգության խորհրդի անդամները:
«Ռուսաստանի հանդեպ Ուկրաինայի հարաբերությունները նախկինի պես լինել չեն կարող»,- հաստատել է Գերաշչենկոն:








































