Google ընկերությունը Emu վիրտուալ օգնականի ֆունկցիաներով բջջային մեսենջեր է գնել, որի օգնությամբ կարող է հզորացնել Hangouts սերվիսը և իր այլ բջջային ծառայությունները: Այս մասին է հաղորդում Emu կայքը:
Գործարքի պայմանները չեն հրապարակվում: Մինչև այժմ Emu-ն 1.5 միլիոն դոլարի ներդրումներ է ստացել KPCB, Kleiner Perkins, Draper Fisher Jurvetson, Menlo Ventures և այլ հիմնադրամներից:
Emu մեսենջերը իր մրցակիցներից տարբերվում է վիրտուալ օգնականի ֆունկցիաներով: Օրինակ՝ օգտագործողը կարող է օրացույցի մեջ փոխանցել հանդիպումները, հիշեցումներ ստեղծել և ուղիղ հավելվածի միջոցով ռեստորաններում սեղան պատվիրել: Սերվիսի համահիմնադիր ու գլխավոր տնօրեն Համի Հաֆստեյնսոնը նախկինում աշխատել է Google, Apple ընկերություններում:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Emu-ն՝ որպես առանձին հավելված, կդադարի աշխատելուց արդեն օգոստոսի 25-ից, ենթադրվում է, որ դրա տեխնոլոգիաները կտեղափոխվեն Google-ի համապատասխան հավելվածներ: Ամենահավանական տարբերակը Hangouts-ի հզորացումն է, որը հնարավորություն է տալիս հաղորդագրություններ ուղարկել և համացանցի միջոցով զանգեր կատարել:










































