Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունից Գերմանիայի հրաժարումը կբարդացնի Բեռլինի և Մոսկվայի հարաբերությունները՝ գրում է The New York Times-ը: Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Յուրի Բորիսովը հայտարարել էր, որ Ռուսաստանի ՊՆ-ն փաստաթղթեր է պատրաստում հայցային հայտարարության համար՝ կապված Նիժեգորոդի մարզում «Մուլինո» բազմաֆունկցիոնալ զորակայանի շինարարության մասին համաձայնագրի՝ գերմանական Rheinmetall ընկերության կողմից կասեցման վերաբերյալ: Մոսկվան նաև հայտարարել է, որ մարտական նախապատրաստության կենտրոնը կհանձնեն ժամանակին՝ առանց Rheinmetall-ի:
Թերթի կարծիքով՝ այդպիսով Գերմանիայի կառավարությունն ուժեղացնում է իր տնտեսական ճնշումը Ռուսաստանի վրա: Ինչպես նշում է պարբերականը, շաբաթներ շարունակ Բեռլինը չի դրսևորել ցանկություն՝ աջակցելու Մոսկվայի հանդեպ ավելի կոշտ պատժամիջոցները, սակայն վերջիվերջո կորցրել է համբերությունն Ուկրաինայի արևելքում կործանված մալայզիական օդանավի միջազգային հետաքննության ձգձգվող մեկնարկի պատճառով:
Ինչպես նշում է թերթը, Գերմանիայի իշխանություններն իրենց հերթին կհայտնվեն երկրի արտադրական ոլորտի ուժեղացված ճնշման տակ, որն արդեն հայտարարել է՝ Մոսկվայի դեմ տնտեսական պատժամիջոցները կանդրադառնան տնտեսության աճի վրա և կհանգեցնեն գործազրկության մակարդակի ավելացման:










































