Իսրայելական բանակը շարունակում է ակտիվ մարտական գործողությունները Գազայի հատվածում, որտեղ հերթական ավիահարվածի զոհն են դարձել 19 պաղեստինցիներ՝ փոխանցում է France Presse գործակալությունը: Իսրայելցի զինծառայողի առևանգման մասին ուրբաթ առավոտյան հաղորդագրություններից հետո՝ հատուկ օպերացիայի հետևանքով զոհերի ընդհանուր թիվը պաղեստինցիների կողմից հասել է 91-ի, ևս շուրջ 350-ը վիրավորվել են:
Գրոհայիններն ուրբաթ առավոտյան հարձակվել էին իսրայելցի զինծառայողների խմբի վրա՝ սպանելով նրանցից երկուսին և, հավանաբար, պատանդելով սպայի: Իսրայելում ասում են, որ դա տեղի է ունեցել կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունների ուժի մեջ մտնելուց հետո: Պայմանավորվածությունները ձեռք էին բերվել ԱՄՆ-ի ու ՄԱԿ-ի միջնորդությամբ: Հրադադարը նախատեսված էր 3 օրով և պետք է պայմաններ ստեղծեր հակամարտության երկարաժամկետ կարգավորման բանակցությունների համար:
Կտրուկ փոխված պայմաններում հետագա գործողությունների քննարկման համար Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն գումարել է ռազմաքաղաքական կաբինետի նիստ: Առավոտյան միջադեպը կարող է ոչ միայն բարդացնել միջազգային ջանքերը՝ ուղղված կրակի դադարեցմանը, այլև տանել իսրայելական օպերացիայի մասշտաբների ընդլայնման և ներգրավված ուժերի ավելացման:









































