Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկացի հայամետ կոնգրեսական Ադամ Շիֆֆն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնության ցուցաբերումը: Այս մասին հայտարարել է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):
Շիֆֆի այդ հայտարարությունը կապված է տխրահռչակ Ռամիլ Սաֆարովին համաներելու և նրան զինվորական կոչում շնորհելու հետ: Կոնգրեսականի խոսքերով՝ Ադրբեջանի զինված ուժերի ուսուցման նպատակով հատկացվող գումարները զուր տեղն են վատնվում, և Ադրբեջանը պետք է պատասխան տա դրա համար:
Կոնգրեսականն ընդգծել է, որ Ադրբեջանը անվտանգության ոլորտում պաշտոնական Վաշինգտոնից օգնություն է խնդրում ոչ թե նրա համար, որ ունի դրա կարիքը, այլ որ այդ օգնությունը վկայում է երկու երկրների սերտ կապերի մասին. «Կտրելով ռազմական օգնությունը՝ ԱՄՆ-ն Ադրբեջանին ցույց կտա իր դիրքորոշումը Սաֆարովի գործի հանդեպ և կհիշեցնի, որ իր համար անընդունելի է Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի հանդեպ յուրաքանչյուր ագրեսիա»:
Այս կապակցությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո քարտուղար Էլման Աբդուլաևը հայտարարել է, որ Ադամ Շիֆֆը «հանդիսանում է» Հայկական սփյուռքից կախվածություն ունեցող կոնգրեսական:









































