ԱՄՆ նախկին հանրապետական սենատոր Չակ Հեյգելը ընդգրկված է Պենտագոնի ղեկավարի հիմնական հավակնորդների ցուցակում: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ հղում անելով վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչին:
Ըստ տեղեկությունների՝ այս շաբաթ Հեյգելը Սպիտակ տանը հանդիպել է նախագահ Բարաք Օբամային: Հանդիպմանը քննարկվել է նրա հնարավոր նշանակումն այդ պաշտոնում: Այլ մանրամասներ հայտնի չեն:
Պենտագոնի ներկայիս ղեկավար Լեոն Պանետան ավելի վաղ հայտարարել էր պաշտոնը լքելու մտադրության մասին՝ որոշումը պարզաբանելով ընտանիքին մոտ լինելու ցանկությամբ: Նրա ընտանիքը գտնվում է Կալիֆոռնիայում:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Պանետայի հնարավոր իրավահաջորդներ են դիտարկվում նաև ՊՆ ղեկավարի առաջին տեղակալ Էշթոն Քարթերը, ռազմական գերատեսչության նախկին փոխնախարար Միշել Ֆլորնոյը և ազդեցիկ դեմոկրատ սենատոր Ջոն Քերին:









































