Արևմտյան Աֆրիկայի երկրներում Էբոլա վտանգավոր տենդի համաճարակն արդեն 672 մարդու կյանք է խլել: Մահացու հիվանդության նոր էպիկենտրոն է դարձել Սիեռա Լեոնեն: Այս մասին ասվում է «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության զեկույցում՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Բժիշկներն անհանգստացած են նաև Գվինեայում և Լիբերիայում համաճարակային վիճակի արագ վատթարացման կապակցությամբ: Հավանականություն կա, որ վիրուսը հասել է Նիգերիա, որտեղ օրերս մահացել է Սիեռա Լեոնեից ժամանած վարակված տղամարդ:
Վիրուսից մահանում են նաև բուժաշխատողները: Սիեռա Լեոնեի Կենեմա քաղաքում՝ Տենդի դեմ պայքարի կենտրոնում, աֆրիկյան ԶԼՄ-ների փոխանցմամբ, մահացել են մի քանի բժիշկներ, ևս 8-ը վարակված են: Հարևան Լիբերիայոմ մահացել է տեղի համաճարակաբանը, իսկ ԱՄՆ երկու քաղաքացիներ վարակված են: Նրանցից մեկն ԱՀԿ-ի բժիշկ է:
Կենտրոնի աշխատակից, ԱՀԿ մասնագետ Քրիս Լեյնի խոսքով՝ իրենք աջակցության, անհատական պաշտպանության միջոցների, դեղորայքի ու սարքավորումների կարիք ունեն, իրավիճակը ծայրահեղ է:
Լիբերիայի կառավարությունը հայտարարել է մի քանի սահմանային անցակետերի փակման մասին՝ դադարեցնելու տենդի տարածումը:
Էբոլայի ներկայիս տենդը սկսվել է փետրվարին, Գվինեայում:







































