Զապորոժյեում ձերբակալվել է երկու տեղի բնակիչ, որոնք քաղաքում՝ հայկական եկեղեցու բակում, իրականացրել էին պայթյուն: Ինչպես հայտնում է «Ուկրաինական պրավդան», այս մասին տեղեկացրել են մարզային ոստիկանությունից:
Պայթյունի մասին տեղեկությունը ստացվել էր երեկ՝ ժ. 22:41-ին: Պայթյունը տեղի էր ունեցել Կարդիոկենտրոնի շենքի հետնամասում, ինչի հետևանքով կենտրոնի երկրորդ ու երրորդ հարկերի պատուհանները վնասվել էին, տուժածներ չկան:
Ոստիկանությունում պնդում են, որ եղել է մեկ պայթյուն, ոչ թե մի քանի՝ ինչպես հայտնել էին տեղի բնակիչները:
Հայկական եկեղեցու մոտակայքում պայթյուն իրականացնելու կասկածանքով ձերբակալվել է երկու չարագործ: Հայ համայնքից AnalitikaUA.net-ի թղթակցին հայտնել են, որ եկեղեցին չի վնասվել:
Ինչպես գրում է Զապորոժյեի 061 կայքը, հղում անելով ոստիկանությունում իր աղբյուրին, ձերբակալվածները տեղացիներ են, որոնք որոշել էին փորձարկում կատարել պայթուցիկով:









































