Վենեսուելան ու Չինաստանը հարավամերիկյան երկրում նավթի նոր հանքավայրեր հայտնաբերելու ուսումնասիրությունների վերաբերյալ համաձայնագիր են կնքել` ներառյալՕրինոկո գետի շրջանում Հարավային Հունին-10 նախագիծը, RIA Novosti-ի փոխանցմամբ` հայտնել է վենեսուելական PDVSA ընկերությունը:
Բացի դրանից, Պեկինում տեղի ունեցած երկու երկրների միացյալ կոմիտեի նիստի ժամանակ համաձայնագրեր են կնքվել Petrosinovensa համատեղ ձեռնարկության նախագծերի զարգացման վերաբերյալ: Վենեսուելան ու Չինաստանը ստորագրել են նավթային, քիմիական արդյունաբերության և էներգետիկայի ոլորտներում համագործակցության ութ երկկողմանի փաստաթուղթ:
Վենեսուելայի նավթարդյունաբերության նախարար Ռաֆայել Ռամիրեսը հայտնել է, որ երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը, որը 2001-ին կազմել է 518 մլն դոլար, այս տարվա տվյալներով, ինչպես սպասվում է, կհասնի 23 մլրդ դոլարի: Նրա խոսքով` Չինաստանի հետ նավթարդյունաբերության ոլորտում համագործակցությունը Վենեսուելային երկրի ենթակառույցների զարգացման համար անհրաժեշտ 36 մլրդ դոլար է բերել:
Վենեսուելան հույս ունի 2015-ին կրկնապատկել Չինաստան նավթի արտահանումը` այն հասցնելով մինչև 1 մլն բարելի օրական, ներկայիս 500,000-ի փոխարեն:
Փետրվարի վերջին Վենեսուելան և Չինաստանը տարբեր ոլորտներում կնքել են 10 մլրդ դոլար ընդհանուր արժեքով պայմանագրեր:









































