ԱՄՆ Ազգային Անվտանգության գործակալությունը (ԱԱԳ) մեկնաբանել է ամերիկացի ծրագրավորող Էդվարդ Սնոուդենի հայտարարությունը՝ գողացված ինտիմ լուսանկարների մասին: Այս մասին հայտնում է The New York Times-ը:
Ավելի վաղ The Guardian թերթին տված հարցազրույցում Սնոուդենն ասել էր, որ ԱԱԳ-ում գաղտնալսման ծրագրերի նկատմամբ վերահսկողությունն այնքան թույլ էր, որ գործակալությունում աշխատող զինվորականները փոխանակվել են գողացված «բաց» լուսանկարներով: Սնոուդենի խոսքով՝ այդ զինվորականները միշտ չէ, որ հարգել են նրանց անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը, ում հետևել են:
Ծրագրավորողի պնդմամբ՝ այդպիսի դեպքերի մասին երբեք պաշտոնապես չի զեկուցվել:
Իր հերթին ԱԱԳ ներկայացուցիչը հայտարարել է, որ գործակալությունը «զրոյական տոլերանտություն է» ցուցաբերում պրոֆեսիոնալ ստանդարտների կանխամտածված խախտման կամ լիազորությունների չարաշահման նկատմամբ, ուստի ԱԱԳ-ի արձագանքը կլինի այնպիսին, ինչպիսին կարգապահության խախտման ցանկացած այլ համոզիչ մեղադրանքի դեպքում:






































