1824թ. այս օրը Վրաստանի հայոց թեմի առաջնորդ Ներսես Աշտարակեցու նախաձեռնությամբ ու ջանքերով Թիֆլիսում բացվեց Ներսիսյան դպրոցը: Այն հետագայում իր հիմնադրի անունով կոչվեց Ներսիսյան դպրոց:
Բացառիկ կարևոր դեր է խաղացել Ներսիսյան դպրոցը հայ աշխարհաբար գրական նոր լեզվի ձևավորման ու զարգացման հարցում: Ներսիսյան դպրոցը եղել է հայկական մշակույթի փայլուն օջախներից մեկը և շատ կարևոր դեր կատարել հայ իրականության բոլոր ասպարեզներում: Դպրոցի առաջին տեսուչն է եղել հայ նոր գրականության ռահվիրաներից մեկը` բանաստեղծ Հարություն Ալամդարյանը: Նրա առաջին շրջանավարտներն են եղել հայ նոր գրականության հիմնադիր, մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանը, «Հյուսիսափայլ»-ի խմբագիր-հրատարակիչ, հրապարակախոս Ստեփանոս Նազարյանը, հայ նոր թատրոնի ջատագովներից մեկը` Գալուստ Շերմազանյանը և ուրիշներ:
Ներսիսյան դպրոցում են սովորել նշանավոր հայ գրող Պերճ Պռոշյանը, գրող ու մանկավարժ Ղազարոս Աղայանը, բանաստեղծ Հովհաննես Թումանյանը, գրող Դերենիկ Դեմիրճյանը, հայտնի ազգագրագետ Երվանդ Լալայանը և հայ մշակույթի շատ ու շատ այլ ականավոր գործիչներ:
Իր գոյության հարյուր տարվա (1824-1924թթ.) ընթացքում Ներսիսյան դպրոցը հայ ժողովրդին տվել է գրականության ու արվեստի, մանկավարժության ու գիտության, գյուղատնտեսության ու արդյունաբերության, առողջապահության ու մշակույթի շուրջ 2000 անխոնջ մշակներ: Ներսիսյան դպրոցի ուսուցիչները բացառիկ մեծ դեր են կատարել ինչպես դպրոցի, այնպես էլ հայ մշակույթի ու գիտության զարգացման, հայ առաջադեմ հասարակական մտքի ձևավորման գործում:









































