ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ջեֆրի Ֆելթմանը կժամանի Ուկրաինա հուլիսի 28-29-ը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Ուկրաինա է ուղարկում իր տեղակալ Ջեֆրի Ֆելթմանին՝ Ուկրաինայում ճգնաժամային իրավիճակի հետագա տարածումը կասեցնելու համար: Այդ մասին հաղորդել է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը և Ուկրաինայի նախագահը պայմանավորվել են հետագա գործողությունների սերտ համակարգման վերաբերյալ:
Զրույցի ընթացքում Պան Գի Մունը Մալայզիական ավիաուղիների ինքնաթիռի կործանումն անվանել է աղետ և անթույլատրելի երևույթ: Նա ընդգծել է, որ հարկավոր է պարզել այդ ողբերգության մանրամասները: Պորոշենկոն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին հավաստիացրել է միջազգային հետաքննության առաջ բաց լինելու մասին:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ Ուկրաինայի նախագահը բոլոր իրավունքներն ունի իր տարածքային ամբողջականությունն ու քաղաքացիներին պաշտպանելու համար:







































