Աֆղանստանի Նանգարհար մարզի վարչական կենտրոնի՝ Ջելալաբադ քաղաքի շուրջ 500 ուսանողներ բողոքի ցույց են կազմակերպել՝ պահանջելով հետաձգել ՆԱՏՕ-ի հինգ զինծառայողների սպանության մեջ մեղադրվող աֆղան զինծառայող Աբդուլ Սաբորի մահապատիժը: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, անցած շաբաթ դատական կարգով մերժվել է ներում շնորհելու Սաբորի հայցը:
Ցուցարարները փակել են Քաբուլ տանող գլխավոր մայրուղին, այրել են Իսրայելի և ԱՄՆ-ի դրոշները: Ուսանողներն Աֆղանստանի հետախուզական ծառայությանը կոչ են արել թույլ չտալ իրականացնելու Սաբորի մահապատիժը և սպառնացել են շարունակել բողոքի ակցիան, եթե իրենց պահանջները չկատարվեն:
Ուսանողները կոչ են արել իշխանություններին դադարեցնել մահապատժի ենթարկել «Թալիբան» շարժման գրոհայիններին:
Հիշեցնենք, որ 2012 թ. հունվարի 20-ին աֆղանական բանակի զինվոր Սաբորը կրակ էր բացել ֆրանսիացի մի խումբ զինծառայողների վրա, որի հետևանքով զոհվել էր 5, վիրավորվել 15 զինծառայող: Հուլիսի 17-ին նա դատապարտվել է մահապատժի, որը պետք է ի կատար ածվի մոտակա օրերին:








































