Նոյեմբերի 27-ին Իսրայելի նախկին արտգործնախարար Ցիպի Լիվնին հատուկ հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է մեծ քաղաքականություն վերադառնալու մասին, հաղորդում է տեղի «Հաարեց» թերթը:
Լիվնին, ով նախկինում ղեկավարել է «Կադիմա» կուսակցությունը, հայտարարել է, որ գլխավորելու է «Խատնուա» անունը կրող նոր քաղաքական միավորումը: Նրա խոսքերով` կուսակցությունն ունենալու է ձախակենտրոն ուղղվածություն:
«Ես վերադառնում եմ խաղաղության համար պայքարելու նպատակով և ձեռք չեմ մեկնի այն քաղաքական գործիչներին, որոնք ցանկանում են խաղաղ գործընթացը ցեխի վերածել»,- հայտարարել է Լիվնին:
Նա նաև քննադատել է Բենիամին Նեթանյահուի գործող կառավարությունը՝ հարևան երկրների հետ կայուն խաղաղություն հաստատել չկարողանալու համար:
Փորձագետների գնահատմամբ՝ նոր կուսակցության ստեղծումը կհանգեցնի «Կադիմա» կուսակցության պառակտմանը, քանի որ մի շարք առաջատար ակտիվիստներ, հավանաբար, կորոշեն միանալ նախկին արտգործնախարարին:
Պետական ֆինանսավորում ստանալու համար Լիվնիին անհրաժեշտ է իր կողմը գրավել «Կադիմայի» առնվազն յոթ պատգամավորների: Թերթի տեղեկատվության համաձայն՝ այս խնդիրը կլուծվի շաբաթվա ընթացքում:









































