«Արաքս» թռչնաֆաբրիկայի մակնշմամբ ժամկետանց ձու շուկայում չի հայտնվում. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Արաքս» թռչնաֆաբրիկայի գլխավոր տնօրեն Գագիկ Մակարյանը՝ Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանի հետ խոսելով «Նոր բացահայտումներ «Արաքս» թռչնաֆաբրիկայի կողմից` շուկայում ի հայտ եկած կեղծումների և հատկապես նոր թափ առած կեղծ մակնշումների հետ կապված» թեմայի շուրջ։
Արմեն Պողոսյանը նշեց, որ մտահոգիչ է թռչնաբուծության վիճակն ու ճակատագիրը: Ըստ բանախոսի՝ սա այն հատուկ արտադրություններից է, որ գործում ներդրված գումարն ամենաարագ կերպով պտտվում է և վերադառնում: «Մեր երկիրը պետք է ավելի արագ բարձրացներ այս ոլորտում արտադրության մակարդակը՝ հաշվի առնելով այն, որ թռչնամիսը, ձուն շատ կարևոր սննդամթերք են մարդու սննդակարգում: Ամոթ է, որ այսօր ներկրում ենք 75% հավի միս արտերկրից, որը տնտեսական քաղաքականության թերիության մասին է խոսում: Մնում է, քաղաքականությունն այնպես տարվի, որ մեծ արտադրությունները ծաղկեն, միջազգային ասպարեզ դուրս գան, իսկ փոքրերը՝ շարունակեն գոյատևել»,- կարծիք հայտնեց բանախոսը:
«Արաքս» թռչնաֆաբրիկայի գլխավոր տնօրեն Գագիկ Մակարյանը համատեղ ասուլիսի ընթացքում անդրադարձավ մամուլում տեղ գտած բոլոր նյութերին, թե «Արաքս» թռչնաֆաբրիկայի մակնշմամբ շատ ավելի երկար ժամկետով ձվեր են եղել շուկայում: Նա մասնավորապես անդրադարձավ հոկտեմբերի 8-ին մամուլում տեղ գտած հոդվածին՝ «Ապագայի ձվեր» վերնագրով:
«Այդ հոդվածի հետքերով դիմեցինք Վաղարշապատի ոստիկանության բաժին, քանի որ դա մեր կողմից մակնշված ձու չէր: Այն խանութի հետ, որտեղ ձվերը հայտնաբերվել էին, մեկուկես տարի չէինք աշխատում: Ուստի ոստիկանությունում գործի համար նյութեր նախապատրաստվեցին: Ըստ փորձաքննության՝ հայտնաբերվել էր, որ այդ ձվերի վրա մեր ընկերության մակնշումը չէր: Ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել, իսկ մեր ընկերությունը այդ քրեական գործով տուժող կողմ է հանդիսանում»,- պարզաբանեց Գագիկ Մակարյանը՝ շարունակելով, որ ընկերությունը հետամուտ է լինելու, որ բոլոր մեղավորները, կեղծարարները պատժվեն:
Անդրադառնալով ձվի պիտանելիության ժամկետին՝ նա ասաց, որ այն քսանհինգ օր է, որից առաջին յոթ օրերին ձուն համարվում է դիետիկ ձու, իսկ հետո՝ սեղանի ձու: Դիտարկմանը, թե շատ հաճախ ձվերի վրա դրվող մակնշումները չեն երևում, ի պատասխան ասաց, որ «Արաքս»-ի արտադրած ձվերի վրա լազերային տպիչով է տպվում մակնշումը, որը շատ հստակ է դրվում՝ արտադրողի կարճ անվանումը և արտադրման ամիսը: Հարցին՝ ձվի գինը հնարավո՞ր է թանկանա, ինչպես անցյալ տարի Ամանորին ընդառաջ՝ պատասխանեց, որ եթե ցորենը թանկանա, ձուն ևս կթանականա: «Եթե մինչ այսօր չի թանկացել, դա շնորհիվ արտադրողների է։ Եթե հավի կերը թանկացավ, ձուն ևս կթանակա: Լինի հացահատիկի գների թանկացում՝ կլինի նաև ձվի թանկացման միտում»,- ասաց Գարիկ Մակարյանը:











































