Թուրքական Miliyet թերթի հաղորդմամբ, Andy-ar կազմակերպությունը մարտի 15-19-ին հարցախույզ է անցկացրել Թուրքիայի 20 նահանգներում, ինչն անսպասելի արդյունքներ է արձանագրել:
Հարցախույզի 4,436 մասնակիցների կարծիքով, հունիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում խորհրդարան մուտք գործելու նախընտրական 10-տոկոսանոց արգելքը կհաղթահարի 3 կուսակցություն. իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ), գլխավոր ընդդիմադիր և քեմալական ուղղությունը ներկայացնող Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը (ԺՀԿ) և «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ):
Քաղաքական կուսակցությունների նախապատվելի առաջնորդի հարցում մասնակիցներն ամենաշատն իրենց նախապատվությունը տվել են վարչապետ Էրդողանին, իսկ ահա երկրորդ տեղում է հայտնվել Ժողովրդական ձայն կուսակցության (ԺՁԿ) նախագահ Նուման Քուրթուլմուշը, ինչը մեծ անակնկալ է եղել հարցախույզի կազմակերպիչների (և ոչ միայն) համար, քանի որ նա իր հետևում է թողել թուրքական ընդդիմության առաջնորդ, ԺՀԿ նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուին:
Բացի այդ, Քուրթուլմուշը 35.6 տոկոս ցուցանիշով առաջին տեղն է գրավել «նոր ձևավորվող առաջնորդների» ցանկում` ետևում թողնելով «Թուրքիա» կուսակցության հիմնադիր Աբդուլատիֆ Շեներին:
Հիշեցնենք, որ Քուրթուլմուշը ոչ վաղ անցյալում ներկայացնում էր վերջերս մահացած ակնհայտ իսլամիստ, Թուրքիայի նախկին վարչապետերից Նեջմեթթին Էրբաքանի գլխավորած «Երջանկություն» կուսակցությունը: Սակայն նախորդ տարի Քուրթուլմուշը լքեց Էրբաքանի կուսակցությունը և նոյեմբերի 1-ին հիմնեց իր կուսակցությունը (ԺՁԿ):









































