Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը, ով Կենտրոնական Ասիա մեկնելուց առաջ 3 ժամով իջևանել է Վրաստանում, հանդիպել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ Բիձինա Իվանիշվիլին ընդգծել է Վրաստանի անվտանգության ու կայունության ապահովման հարցում ԵՄ-ի հատուկ դերը. «Առաջին հերթին դա արտացոլվում է միջազգայնորեն ճանաչված սահմաններում Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը ԵՄ-ի ցուցաբերած աջակցության մեջ:
Մենք շնորհակալ ենք ԵՄ-ին՝ Ժնևյան գործընթացին ակտիվորեն մասնակցելու համար: Դա նկատելի է Հարավային Կովկասի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի գործողություններից: Մենք շնորհակալ ենք ԵՄ-ին՝ Վրաստանի անջատողական շրջաններին չճանաչելու քաղաքականության համար»:
Իվանիշվիլիի մամուլի ծառայությունը հայտնել է, որ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ԵՄ-ի հետ հարաբերություններում Վրաստանի համար արդիական հարցեր:









































