Ամերիկյան Apple կորպորացիան հրաժարվել է հարավկորեական մրցակից Samsung-ի հետ գործընկերությունից, մասնավորապես`iPad պլանշետների և MacBook նոթբուքերի համար մարտկոցների արտադրությունում, և այն տեղափոխել է չինական Amperex Technology Limited և Tianjin Lishen Battery արտադրողների գործարաններ: Այս մասին հայտնում է China Business News գործարար պարբերականը:
Samsung-ի և Apple-ի պաշտոնական ներկայացուցիչները դեռևս չեն մեկնաբանել այդ տեղեկությունը:
Պարբերականի տվյալներով՝ ավելի վաղ Samsung-ի SDI ստորաբաժանումը, որը զբաղվում է Apple-ի սարքերի համար մարտկոցների արտադրությամբ, անհայտ պատճառով դադարեցրել է մատակարարումները:
Samsung-ը մինչ օրս Apple-ի բջջային սարքերի և համակարգիչների բաղադրիչ մասերի հիմնական մատակարարն էր: Samsung-ը Apple-ին էր մատակարարում դիսփլեյներ, հիշողության մոդուլներ, բջջային սարքերի պրոցեսորներ և մի շարք այլ դետալներ: Սակայն վերջին շրջանում ԶԼՄ-ներում տեղեկություններ տարածվեցին, թե Apple-ն ակտիվորեն Samsung-ի դետալներին փոխարինող է փնտրում: Մասնավորապես, հաղորդվում էր, որ iPhone-ի համար դիսփլեյների մի մասը թողարկում է ճապոնական Sharp կորպորացիան, իսկ iPad mini-ի էկրանները՝ հարավկորեական LG-ն;
Բացի այդ, ոչ պաշտոնական տվյալներով՝ սկսած iPhone 5-ից, Apple-ը հրաժարվել է Samsung-ի հետ համատեղ մշակած պրոցեսորներից` դրա փոխարեն պատվիրելով սեփական «ճարտարապետությամբ » չիպեր: Ավելի վաղ հաղորդվել է նաև, որ Apple-ը ծրագրել է արմատապես կրճատել Samsung-ի պրոցեսորների պատվերների ծավալը՝ իր պատվերների մի մասը տալով թայվանական TSMC կորպորացիային:
Samsung-ը հերքել էր այդ հաղորդագրությունների մեծ մասը: Կողմերի միջև արտոնագրային դատական վեճերը շարունակվում են:









































