Պետությունների ղեկավարների դեմ մահափորձերը սովորական երևույթ են և գալիս են դեռ մինչքրիստոնեական շրջանից:
Ամենամեծ արձագանքների տեղիք են տվել ԱՄՆ նախագահների նկատմամբ մահափորձերը: Ինչպես նշվում է, հարցը համակրանքը չէ, այլ այն, որ ԱՄՆ դերը` որպես վերջին հարյուրամյակում համաշխարհային առումով առաջատար երկրի, չափազանց մեծացել է:
Սպիտակ տան ղեկավարին սպանելու առաջին հայտնի փորձը տեղի է ունեցել 1835 թվականին: Նախագահ Էնդրյու Ջեքսոնի վրա կրակել էր ոմն Ռիչարդ Լոուրենս. ատրճանակը երկու անգամ չէր կրակել:
30 տարի անց տեղի է ունեցել առաջին հաջողված մահափորձը. ԱՄՆ նախագահ Աբրահամ Լինքոլնը թատրոնում մահացու վիրավորվեց և հաջորդ օրը մահացավ:
ԱՄՆ նախագահների անհաջող մահափորձերի թվում են Ֆրանկլին Ռուզվելտի, Հարրի Թրումենի, Ռիչարդ Նիքսոնի, Ռոնալդ Ռեյգանի նկատմամբ փորձերը:
Մահափորձերի թվով «չեմպիոնը» Բիլ Քլինթոնն է. որոշ շրջանակներում խոսում են 30 փորձի մասին:
Սպիտակ տան ներկայիս ղեկավարի նկատմամբ ևս բազմիցս մահափորձ են արել ինչպես ԱՄՆ սահմաններում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս:
Մահափորձերի թվով համաշխարհային առաջատարը Կուբայի ղեկավար Ֆիդել Կաստրոն է, որն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում` 638 չհաջողված մահափորձ:
Մահափորձի բազմաթիվ դեպքեր են եղել նաև Խորհրդային միության ղեկավարների, ինչպեսև նախկին ԽՍՀՄ-ից առանձնացած` ներկայիս անկախ պետությունների ղեկավարների նկատմամբ:
Առաջին փորձն իրականացվել է Լենինի դեմ 1918 թվականին: Հայտնի է, որ Ստալինի, Բրեժնևի, Անդրոպովի նկատմամբ ևս մահափորձ է իրականացվել:
Հետխորհրդային տարածքի անկախ պետությունների ժամանակաշրջանում առավել մեծ արձագանք են առաջացրել չհաջողված մահափորձերը հետևյալ նախագահների նկատմամբ.
-Վրաստանի նախագահ Էդուարդ Շևարդնաձե (1995-ին ճամփեզրին պայթեցրել են ականապատ «Ժիգուլին», երբ երկրի ղեկավարի ավտոմեքենան անցնում էր կողքով, իսկ 1998-ին կրակել են նախագահի ավտոմեքենայի վրա)
-Տաջիկստանի նախագահ Էմոմալ Ռահմոն (1997-ին նրա ավտոմեքենայի մեջ նռնակ էին նետել, որից երկրի ղեկավարի ոտքը վնասվել էր)
-Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմով (1999-ին մի շարք պայթյուններ էին տեղի ունեցել կառավարական հաստատությունների մոտ)
-Թուրքմենստանի` ներկայումս հանգուցյալ նախագահ Սափարմուրադ Նիյազով (2002-ին նրա զրահապատ ավտոմեքենան ռմբակոծության էր ենթարկվել):
Կարելի է հիշել նաև Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյի թունավորումը, ինչպես նաև չեչեն ահաբեկիչների մահափորձը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ:






































