Աբխազիայի իշխանությունները մտադիր են հասնել նրան, որ հարևան երկրները, այդ թվում՝ Թուրքիան, ճանաչեն աբխազական անձնագրերը: Այս մասին հայտարարել է հանրապետության արտգործնախարար Վյաչեսլավ Չիրիկբան՝ Սուխումում թուրքական Սիդե քաղաքի քաղաքապետ Աբդուլկադիր Ուչարի հետ հանդիպման ժամանակ:
Աբխազիայի արտգործնախարարը նշել է, որ «Թուրքիայում բնակվող մեծաթիվ աբխազական սփյուռքը բնական կապ է աբխազ և թուրք ժողովուրդների միջև»:
«Մեր նպատակն է հանրապետությունը դուրս բերել միջազգային մեկուսացումից, և հուսով եմ` Թուրքիայի հետ կապերը կօգնեն այդ գործին»:
Երեկ Սիդեի քաղաքապետն ու Սուխումի վարչակազմի ղեկավար Ալիաս Լաբախուան համաձայնագիր են ստորագրել այդ քաղաքների միջև եղբայրական կապերի հաստատման մասին: Այս մասին հայտնում է Interfax-ը:
Ուչարը հրավիրել է Աբխազիայի ներկայացուցիչներին այցելել Սիդե: «Ձեր հանրապետությունում գտնվելու երկու օրերի ընթացքում ես հասցրեցի սիրահարվել ձեր երկրին»,- ասել է նա:
Չիրիկբան, իր հերթին, նշել է, որ Աբխազիայի համար օգտակար կլինի նաև զբոսաշրջության ոլորտում թուրքական կողմի փորձը:







































