Մանկական «Եվրատեսիլ»-ին Հայաստանը ներկայացնող COMPASS Band-ի տղաները՝ Աբրահամը, Արամը, Դավիթն ու Արշավիրը, երկուշաբթի առավոտյան կմեկնեն Ամստերդամ՝ մասնակցելու մանկական «Եվրատեսիլ»-ին: Մեկ շաբաթ շարունակ նախապատրաստական ծավալուն աշխատանքներ կիրականացվեն՝ կնկարվեն տեսաբացիկները, մասնակիցները անընդհատ կլինեն ուշադրության կենտրոնում: Այս տարի մանկական «Եվրատեսիլ»-ի կոնցեպտը նախորդ տարիների եվրատեսիլներից տարբերվելու է, քանի որ շեշտը դրվելու է նաև վավերագրական կադրերի վրա, որոնք կցուցադրվեն շոուի ժամանակ:
«Եվրատեսիլ» նախագծի պատասխանատու Գոհար Գասպարյանի խոսքով՝ կազմակերպիչները փոփոխություն են մտցրել, փորձում են ամեն ինչ անել, որպեսզի կրկնություն չլինի, և հեռուստադիտողների քանակն ավելանա:
«Մենք էլ մեր ուրույն, հետաքրքիր ոճով` այն երաժշտությամբ, այն ոճով, որը սիրում են մեր երեխաները, կփորձենք տարբերվել և հենց այդ տարբերությամբ էլ կգրավենք բոլորի ուշադրությունը»,- ասաց Գոհար Գասպարյանը:
Երեխաները Չեխովի անվան թիվ 55 դպրոցի սաներ են: Դպրոցի թիմը կմեկնի աջակցելու տղաներին: Կմեկնի նաև Չեխովի անվան թիվ 55 դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը:
13-ամյա պատանիները՝ Աբրահամ Ազնաուրյանը, Դավիթ Պարոնիկյանը, Արշավիր Գրիգորյանը, Արամ Ծատուրյանը, ասացին, որ իրենց խումբը ձևավորվել է հենց դպրոցում: Նրանք պատմեցին, որ դպրոցական միջոցառումներից մեկի ժամանակ այս երգը կատարել են, և այն տնօրինությանը դուր է եկել, որից հետո մասնակցել են դպրոցի Գալա համերգին: Դրանից հետո որոշել են խմբի անվանումը` Compass, որը խորհրդանշում է չորս բևեռները՝ հյուսիս, հարավ, արևելք, արևմուտք։ Sweetie baby-ի երգը նրանք կկատարեն դեկտեմբերի 1-ին:
Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես նոյեմբերի 30-ին կլինի գլխավոր փորձը, որը, Գոհար Գասպարյանի խոսքով, շատ կարևոր է, քանի որ այդ ձայնագրությունը և համերգը գլխավորն է, որով էլ հենց առաջնորդվում են բոլոր երկրներում գտնվող ժյուրիի անդամները:
Երեխաները նշեցին, որ իրենք Բիթլզի ոճով են լինելու և փորձելու են տպավորիչ ելույթ ունենալ, և կարևորն այն է, որ հենց իրենք հաճույք ստանան իրենց կատարումից:
Խումբն իրեն մրցակից է համարում Իսրայելի, Ռուսաստանի մասնակիցներին։
Իսկ թե ինչ եղավ խմբի հինգերորդ մասնակցի հետ` Գոհար Գասպարյանը նշեց, որ տղաների խոսքով` խումբը ձևավորվել է չորս հոգով, սակայն հետո խմբի պրոդյուսեր Զառա Պետրոսյանը նախընտրական փուլի համար որպես բեմադրության մի մաս որոշել է ընդգրկել փոքրիկ Միկային, որը բեմական և հետաքրքիր երեխա է, սակայն բեմական կանոնները թելադրում են, որ նրանք պետք է լինեն 10-15 տարեկան:
«Մենք այստեղ կարող ենք ինչ-որ բան զիջել, սակայն այնտեղ զիջումների չեն գնում, որովհետև գիտեք` այնտեղ կանոնները շատ խիստ են, և նրա 9,5 տարեկան լինելը խանգարել է: Կարծում եմ՝ խումբը հիմնական կազմով է, և չորսով էլ հիանալի ելույթ կունենան»,- հավելեց Գոհար Գասպարյանը:
Տղաները մանկուց սիրել են այս մրցույթը, նրանց համար դա երազանք է եղել, և չեն մտածել, որ երբևէ կիրականանա այդ երազանքը:
Նրանց ամենասիրած երգիչն է Ալեքսանդր Ռիբակը: Հայերից սիրում են Վլադիմիր Արզումանյանին, իսկ «Եվրատեսիլ»-ի մասնակցած մեծերից նախապատվությունը տալիս են Սիրուշոյին:
Շոուի ժամանակ կլինի նաև մի մարդասիրական երգ, որը քվեարկության ընթացքում կկատարվի բոլոր մասնակիցների կողմից:







































