Microsoft-ը ԱՄՆ արտոնագրային գերատեսչություն է ներկայացրել հավելյալ իրականության ակնոցների գրանցման հայց, որտեղ սովորական տեսապակու փոխարեն կտեղադրվեն թափանցիկ դիսփլեյներ: Այս մասին հայտնում է Unwired View-ը:
Նման «խելացի» ակնոցների՝ Project Glass-ի թողարկման պլանների մասին առաջինը հայտարարել է Google-ը: Ընկերության ղեկավար Սերգեյ Բրինտը, ելույթ ունենալով I/O կոնֆերանսի ժամանակ, հուլիսին ցուցադրել էր դրանց նախատիպը գործողության մեջ: Աքսեսուարը կարող են գնել դեռևս միայն մշակողները՝ 1500 դոլարով: Այն ազատ վաճառքի դուրս կբերվի 2013 թվականին: Կիբերակնոցների նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել նաև Sony, Oakley և Olympus ընկերությունները:
Այն մասին, որ Microsoft-ը ծրագրում է ակնոցները խաչասերել սմարթֆոնների հետ, հայտնի է դարձել հունիսին: 2010 թվականով թվագրված ընկերության փաստաթղթից պարզ է դառնում, որ Kinect Glasses-ը կարող են խաղացողներին իրական ժամանակի ռեժիմում տրամադրել տեղեկություն մարդկանց, վայրերի և օբյեկտների մասին:
Ընկերությունը հայցը ներկայացրել է 2011-ի մայիսին, այդ իսկ պատճառով հայտնի չէ` խոսքը հի՞ն, թե՞ նոր նախագծի մասին է: Արտոնագրի նկարագրությունից դատելով` կարելի է կարծել, որ Microsoft-ի ակնոցները, ի տարբերություն Google Glass-ի, նախատեսված չեն ամեն օր կրելու համար: Այն կառուցված է այնպես, որ կրելը հարմար է այն դեպքերում, երբ դժվար է տեղաշարժվելը, օրինակ՝ համերգի կամ ֆուտբոլային խաղի ժամանակ:








































