Նոյեմբերի 22-ի երեկոյան ԱՊՀ ՄԽՎ անդամ-պետությունների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ տեղի է ունեցել ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստը, որի օրակարգում ընդգրկված էր 30 հարց: Նիստի սկզբում նախագահող ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ողջունեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին և շնորհավորելով նրան` ուրախությամբ նշեց, որ պարոն Աբրահամյանը վերընտրվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ: Տիկին Մատվիենկոն բարձր գնահատեց Հովիկ Աբրահամյանի գործունեությունը Հայաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնում և իր ու ներկաների անունից հաջողություններ մաղթել նրան պաշտոնավարության ընթացքում:
ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստի օրակարգային հարցերից են եղել ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահի և մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունները: Նիստում Վալենտինա Մատվիենկոն միաձայն ընտրվեց ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ: Ընտրվեցին նաև ԱՊՀ ՄԽՎ մշտական հանձնաժողովների նախագահները: Նիստի ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկվել են նաև Բելառուսում և Ուկրաինայում խորհրդարանական ընտրությունների մոնիտորինգին ԱՊՀ ՄԽՎ-ի կողմից միջազգային դիտորդների մասնակցության մասին, ինչպես նաև ԱՊՀ երիտասարդական խորհրդարանական վեհաժողովին վերաբերող հարցեր:
Նիստի վերջում Վալենտինա Մատվիենկոն ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին պարգևատրել է ԱՊՀ ՄԽՎ ոսկե մեդալով` միջխորհրդարանական համագործակցության ամրապմդման գործում կարևոր ներդրում ունենալու համար: ԱՊՀ ՄԽՎ ոսկե մեդալով պարգևատրվեց նաև ՌԴ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը:









































