Գազայի հատվածում ղեկավարող ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Խալեդ Մաշաալն Իսրայելի և Գազայի հատվածի միջև զինադադարն անվանել է պաղեստինցիների հաղթանակ, հայտնում է RIA Novosti-ն: Իսրայելի և Գազայի հատվածի միջև զինադադարի փաստաթղթի տեքստի համաձայն` հրեական պետությունը պարտավորվում է դադարեցնել ռազմական գործողություններն անկլավի դեմ «ցամաքում, օդում և ջրում», նաև պաղեստինցի զինված շարժումների ղեկավարների կետային ոչնչացումը:
Պայմանավորվածությունները ներառում են սահմանային անցուղիների բացումը, որոնք Գազայի հատվածը կապում են արտաքին աշխարհի հետ: Վերջին կետը պետք է ուժի մեջ մտնի զինադադարի հայտարարումից 24 ժամ անց: ՀԱՄԱՍ-ի ղեկավարի խոսքով՝ սա նշանակում է փաստացի հանել Գազայի հատվածի շրջափակումը:
«Իսրայելը պարտավորվել է հանել շրջափակումը և դադարեցնել սպանությունները»,- հայտարարել է Մաշաալը: Պաղեստինցիները պարտավորվում են դադարեցնել «Գազայի սեկտորից Իսրայելի դեմ ուղղված» ցանկացած թշնամական գործողություն: «Իսրայելի վերջին ագրեսիան ցույց է տվել, որ դիմադրությունը Պաղեստինի պետություն ստեղծելու համար իդեալական ընտրություն է: Արդյունքները, որոնց մենք հասել ենք, հաղթանակ է բոլոր պաղեստինցիների և արաբ ժողովրդի համար»,- ասել է Մաշաալը, հայտնում է Kommersant-ը:









































