Թուրքական Haber Türk թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի զինված ուժերը PKK-ի դեմ երեսնամյա պայքարում խոշոր կորուստներ կրելուց հետո որոշել են փոխել իրենց մարտավարությունը: Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը որոշել է երկրի արևելյան և հարավարևելյան շրջաններում PKK-ի դեմ ձևավորել ռազմական կրթություն անցած խմբեր՝ բաղկացած պայմանագրային պրոֆեսիոնալ զինծառայողներից:
Դրա պատճառն այն է, որ երեք ամիս զինծառայության մեջ գտնվող թուրք զինծառայողը մեծ դժվարություններ է կրում լեռներում պատերազմական մի քանի տարվա փորձ ունեցող PKK-ի մարտիկի հետ բախվելիս: Այդ բացը լրացնելու համար որոշվել է ստեղծել պրոֆեսիոնալ բանակ, որը 24 ժամ շարունակ կհսկի թուրք-իրաքյան և թուրք-սիրիական սահմանները, որտեղից սովորաբար քուրդ մարտիկները ներթափանցում են Թուրքիա:
Պայմանագրային զինծառայողներն ակտիվ գործունեություն են ծավալելու Հաքքարի, Շըրնաք, Դիարբեքիր, Սիիրթ (Սղերթ), Բինգյոլ (Բյուրակն) և Թունջելի (Դերսիմ) նահանգներում: Դեռևս 2011 թվականի մարտին կառավարությունը որոշել էր, որ պրոֆեսիոնալ բանակը պետք է բաղկացած լինի 50,000 պայմանագրային զինծառայողներից: Ներկայիս դրությամբ 35,000 դիմողներից հաստատվել է 1500-ի թեկնածությունը, որոնք կարողացել են հաջողությամբ հաղթահարել թեստերն ու բուժզննումը:









































