«Ազատ դեմոկրատներ» կուսակցության գրասենյակում ավարտվեց ԲՀԿ-«Ազատ դեմոկրատներ» հանդիպումը: «Շատ արդյունավետ հանդիպում էր: Արդեն կարող եմ ասել, որ բավական ընդգրկուն օրակարգ է ձևավորվում»,- հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Վարդան Օսկանյանը՝ հավելելով. «Ամեն մի հանդիպում, որ մենք ունենում ենք, նոր բան է ավելացնում, և այն, ինչ ավելանում է, չի հակասում մյուս առաջարկություններին: Ասել է թե՝ քաղաքական օրակարգ է ձևավորվում, որի շուրջ քաղաքական ուժերը կարող են համաձայնության գալ:
Իհարկե, դեռ վաղ է խոսել կոնսոլիդացիայի մասին, բայց կարող եմ ասել, որ դրական նշաններ երևում են: Այնպես որ` ձևավորվում է քաղաքական օրակարգ, որի շուրջ եթե հնարավոր լինի քաղաքական կոնսոլիդացիա ունենալ, կարծում եմ` նախագահական ընտրությունների նախաշեմին, ընթացքում երկրի համար մենք կարող ենք քաղաքական քննարկումների մեջ լինել, որից կշահի երկիրը»:
Ըստ Օսկանյանի՝ քաղաքական ուժերի հետ տեսակետների ընդհանրություններն ավելի շատ են, քան տարակարծությունները, և այն, ինչ առաջարկվում է քաղաքական ուժերի կողմից, հարստացնում է ԲՀԿ առաջ քաշած օրակարգը և առավել ընդգրկուն դարձնում:
«Ազատ դեմոկրատներ»-ը 4 առաջարկ է ներկայացրել ԲՀԿ-ին: «ԲՀԿ-ն քաղաքական տեխնոլոգիա է կիրառել, և իր «պազիցիայից», ես կարծում եմ, դա ճիշտ է եղել՝ քաղաքական դաշտում փորձել լուծել կոնսոլիդացիայի խնդիր և այլն»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Ազատ դեմոկրատներ»-ի նախագահ Խաչատուր Քոքոբելյանը:
Ըստ նրա՝ իրենք կողմ են խորհրդարանական կառավարմանը և 100 տոկոսանոց ընտրակարգին անցնելուն. դա իրենց ծրագրային դրույթներից է: «Պրոդուկտիվ եմ համարում մեր հանդիպումը»:
Մեր դիտարկմանը, թե փաստորեն մասնակի՞ց եք դառնում ԲՀԿ քաղտեխնոլոգիային, Խաչիկ Քոքոբելյանը հակադարձեց. «Մենք քաղտեխնոլոգիաներին մասնակից չենք դառնում, մենք մասնակից ենք դառնում և ցանկություն ունենք, որ Հայաստանում ձևավորվի նոր քաղաքական մշակույթ թե ընտրական պրոցեսների, թե քաղաքական օրակարգի ձևավորման հետ կապված»:
Ըստ հանդիպման մասնակիցների՝ նախագահական ընտրություններում թեկնածուների հարց չեն քննարկել, թեև «չի բացառվում որևէ զարգացում»:
Ուշագրավն այն է, որ ՀՀԿ-ն հայտարարել է, թե չի մասնակցելու 100 տոկոսանոց համամասնականին անցնելու որևէ քննարկման, այդ թվում` ԱԺ-ում հրավիրված արտահերթ նիստին: Ուստի առաջ է գալիս քննարկման համար անհրաժեշտ քվորում ապահովելու խնդիրը: «Եթե տեսնենք՝ քվորում չի ապահովվում, մենք մեր կարծիքը կասենք այդ օրը»,- մեր հարցին ի պատասխան` հայտարարեց Վարդան Օսկանյանը: Մեր դիտարկմանը` ստացվում է, որ քաղաքական ուժերը հանդիպում են հանդիպելու համար, Խաչատուր Քոքոբելյանը հակադարձեց. «Քաղաքական օրակարգ ձևավորելը միայն ԱԺ-ում նիստ անելու հնարավորությունը չէ, այլ այն քաղաքական օրակարգը, որը կընդունի հասարակական ավելի լայն շրջանակը»:









































