Քաղաքական դաշտում որևէ կերպարի շուրջ չի կարելի կոնսոլիդացվել: Մարդիկ իրավունք չունեն կենտրոնանալ անհատի շուրջ 21-րդ դարում, որտեղ յուրաքանչյուր անհատ ի զորու չէ ունենալ այդքան հնարավորություն և այդքան առաքինություն, որ կարողանա խմբավորել քաղաքական դաշտը: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքական վերլուծաբան, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը՝ անդրադառնալով քաղաքական դաշտում այս կամ այն անհատի շուրջ կոնսոլիդացվելու մասին խոսակցություններին: Նա նշեց, որ հիացած է նախկին համախմբումներով, բայց, նրա խոսքերով, դրանց արդյունքում ՀՀ-ն ունի թերի ինստիտուցիոնալ համակարգ:
«Ներկայումս մեր անկախության ինստիտուտը չի կայացել: Ներկա դրությամբ ասում են, որ բարեգործություն է արվում, որը նշանակում է, որ պետական ինստիտուտները թերանում են: Երբ պետական ինստիտուներն աշխատում են առավելագույն էֆեկտիվությամբ, բարեգործությունների կարիք չի լինում»,- կարծիք հայտնեց Անուշ Սեդրակյանը:
Հակադրվելով քաղաքական գործչի արտահայտած մտքին՝ ԱԺ ՀՀԿ-ան պատգամավոր Արտակ Դավթյանն ասաց, որ բարեգործությունը և ինստիտուտների կայացվածությունն ուղիղ կապի մեջ պետք չէ դնել: Ըստ նրա՝ պետք է հասկանալ, որ պետությունն ինքն է ստեղծել համապատասխան պայմաններ, որպեսզի մարդն աշխատի, կայանա և որոշակի շահույթներ ապահովի, ինչից նաև մասնահանումներ է կատարում բարեգործության նպատակներով, և ամենևին էլ պախարակելի չէ բարեգործություններ իրականացնելը:
Անդրադառնալով ՀՅԴ և ԲՀԿ նախաձեռնությամբ քաղաքական դաշտում կազմակերպված կոնսուլտացիաներին՝ նա նշեց, որ ՀՀ քաղաքական օրակարգում հստակ հարց կա՝ առաջիկա նախագահական ընտրությունները , ուստի այն, ինչի մասին խոսք է գնում այսօր, ուղղակի իրողություններից կտրված ինչ-ինչ քննարկումներ են, որոնց տողատակերում պետք է կարդալ, թե դրանք ինչ են նշանակում: Նրա համոզմամբ՝ պետք է քաղաքական ուժերը հանդես գան իրենց հստակ դիրքորոշմամբ, մանավանդ ինչքան մոտենում են նախագահական ընտրությունները:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահը նշեց, որ քաղաքական կոնսուլտացիաներն ինքնին ողջունելի երևույթ են, որովհետև քաղաքական ուժերն իրար պետք է լսեն: Բայց, Անուշ Սեդրակյանի համոզմամբ, քաղաքական ուժերը կոնսուլտացիաներ պետք է սկսեին երեք-չորս տարի առաջ:









































