Վրացակասն «Ասավալ-դասավալի» թերթին տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն հայտարարել է, որ իրեն վիրավորված է զգում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի՝ օրեր առաջ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ հանդիպումից հետո արված հայտարարությունից, որում գնահատական էր տրվում Վրաստանում մեկնարկած ձերբակալությունների ալիքին:
Ռասմուսենը չէր բացառել, որ այդ ձերբակալությունները կարող են կրել քաղաքական բնույթ, ինչի կապակցությամբ Շևարդնաձեն հայտարարել է. «Արևմուտքում շատերը հիասթափված են, քանի որ հուսով էին, որ Սաակաշվիլին կմնա իշխանության ղեկին: Եվ թեև արևմտյան քաղաքական գործիչների մի մասը պատրաստ է եղել աջակցել Սաակաշվիլիին՝ Վրաստանի ճակատագիրը վճռել է նրա ժողովուրդը:
Դա պետք է դաս լինի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի համար, որը պետք է հավատա միայն սեփական ժողովրդին: Ո՛չ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, ո՛չ էլ Արևմուտքում շատերը բավական քննադատաբար չեն մոտեցել նրան, որ նախկին իշխանությունները Վրաստանին այդքան աղետներ են պատճառել:
Պատմությունը չի հիշում այդքան քաղաքական ձերբակալություններ, որքան որ իշխանության գալուց հետո իրականացրել է Սաակաշվիլին: Եվ այդ ժամանակ ո՞ւր էին մեր եվրոպական բարեկամները»:









































