CNN TÜRK-ի փոխանցմամբ, թուրք և օտարազգի գիտնականներն արդեն 7 տարի է, ինչ հետազոտություն են անցկացնում Վանա լճում` պարզելու համար այնտեղ ռադիակտիվ տարրերի լինել-չլինելու հարցը, որոնք կարող էին առաջանալ 1986 թվականին Չեռնոբիլի աղետի հետևանքով:
Այդ նպատակով լճի հատակից վերցվել են հարյուրավոր փորձանմուշներ, որոնք ուսումնասիրվել են Շվեյցարիայի ու Գերմանիայի լաբորատորիաներում:
Վանի համալսարանի երկրագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սեֆեր Օրչենը նշել է, որ արդյունքները շատ հետաքրքիր են ստացվել. դրանցում առկա են եղել ռադիոակտիվ նյութեր, ինչը Չեռնոբիլի աղետի հետևանքն է:
Հիշեցնենք, որ երբ Թուրքիայի վարչապետ Էրդողանն ատոմակայան կառուցելու համար Ատոմային էներգիայի ազգային ինստիտուտի առաջարկած 9 թեկնածու քաղաքներից ընտրեց Անկարայից 435 կմ (270 մղոն) հեռավորության վրա ընկած սևծովյան Սինոպ քաղաքը (ընտրության հիմքում ընկած էին 43 չափանիշ` ներառյալ կլիմայական պայմանները), Սինոպի և ընդհանրապես սևծովյան ծովափնյա բնակչությունը սկսեց բողոքել դրա դեմ:
Միջին տարիքի կանայք ստորագրահավաք կազմակերպեցին և իրենց կազմակերպությունն անվանեցին «Մայրերն ընդդեմ ատոմային էներգիայի»: Ձկնորսները նույնպես բողոքեցին` գտնելով, որ նախ` դա կսահմանափակի ձկնորսությունը և երկրորդ` ո՞վ կցանկանա միջուկային ռեակտորի շրջակայքում բռնված ձուկ ուտել:
Ծովափնյա բնակչությունն իրեն համարում է 25 տարի առաջ տեղի ունեցած Չեռնոբիլյան աղետի ուղղակի զոհը: Ուկրաինայից դեպի Թուրքիա քամու բերած ռադիոկատիվ ամպերի պատճառով երկրի արևելյան-սևծովյան շրջաններում վերջերս անցկացված բժշկական հետազոտությունները ցույց են տվել, որ մահացածների 48 տոկոսը տառապում է ուռուցքային հիվանդություններով:
Ինչ վերաբերում է Վանա լճում ռադիոակտիվ տարրերի հայտնաբերմանը, ապա դա կարող է լրջորեն վնասել տեղի զբոսաշրջությանը: Չպետք է մոռանալ, որ թուրքական կողմը մտադիր է մինչև 2023 թվականը (Թուրքիայի Հանրապետության հիմնադրման հարյուրամյակը) Վանը վերածել աշխարհի ամենագրավիչ վայրի:








































