Ավարտվեց քառյակի հերթական հանդիպումը, որի ընթացքում վերջնական տեսքի է բերվել իշխանություններին ուղղված 12 կետից բաղկացած հայտարարությունը:
Նիստից հետո լրագրողների հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը տեղեկացրեց, որ վաղը քառյակին մաս կազմող խմբակցությունների ղեկավարները հանդես կգան մամուլի ասուլիսով ու հանրությանը կներկայացնեն 12 կետանոց հայտարարությունը, և այն կփոխանցվի իշխանություններին:
Ռուբիկ Հակոբյանը չցանկացավ մանրամասնել, թե այդ 12 կետերը ինչ պահանջներ են ներառում իրենց մեջ: Նա ընդամենը ասաց, որ պահանջների մեջ կա ԼՂ-ին վերաբերող կետ, անդրադարձ կա նաև Աստանայում տեղի ունեցած իրադարձություններին:
Ի դեպ, անցած շաբաթ երբ քառյակը նորից նիստ էր անցկացրել և հայտարարել իշխանություններին 12 կետից բաղկացած պահանջ ներկայացնելու մասին, նույն Ռուբիկ Հակոբյանը հայտարարել էր, որ դրանցում արտաքին քաղաքականությանը, այդ թվում նաև Աստանային վերաբերող հարց չկա: Այս անգամ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը հայտարարեց, որ վերջին զարգացումների պատճառով իրենք այդ հարցը ներառել են իրենց պահանջների մեջ:










































