Սերբիան ստիպված կլինի հետաձգել «Հարավային հոսք» գազատարի շինարարության մեկնարկը՝ հայտարարել է Սերբիայի փոխվարչապետ, շինարարության, տրանսպորտի և ենթակառուցվածքների հարցերով նախարար Զորանա Միխայլովիչը՝ փոխանցում է տեղի «ՏԱՆՅՈՒԳ» գործակալությունը:
«Բուլղարիան հանգույց է, և քանի դեռ չեն ավարտվել ԵՄ-ի հետ Բուլղարիայի և Ռուսաստանի հետ ԵՄ-ի բանակցությունները, մենք էլ կկանգնենք: Սակայն միևնույնն է՝ թե´ մեկ, թե´ մյուս սցենարը նշանակում է մեր երկրում աշխատանքների հետաձգում»,- ասել է Միխայլովիչը:
Իր հերթին, լեռնաարդյունաբերության և էներգետիկայի նախարար Ալեքսանդր Անտիչը նշել է, որ գազատարի ապագան կախված է առաջին հերթին ԵՄ երկրների և Ռուսաստանի հետ Եվրահանձնաժողովի պայմանավորվածություններից:
«Հարավային հոսք» նախագիծը մեզ համար կարևոր է և´ որպես էներգետիկ նախագիծ, և´ որպես զարգացման նախագիծ: Սակայն Սերբիան միայն մեկն է այն պետություններից, որոնցով պետք է անցնի խողովակաշարը, սակայն ըստ այդմ ՝ մենք միակ երկիրն ենք նախագծում, բացառությամբ Ռուսաստանի, որը ԵՄ անդամ չէ»,-ասել է Անտիչը:










































