Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը մեկնաբանել է Radio Svoboda-ին տված հարցազրույցում իր աղմկահարույց արտահայտություններն այն մասին, որ Ադրբեջանի կառավարությունը մոնոլիտ չէ, և ուկրաինական իրադարձությունների կրկնվելու ռիսկ կա: Այս մասին հայտնում է haqqin.az-ը:
«Մենք անկախացությունից հետո՝ բոլոր 23 տարիներին աջակցել ենք Ադրբեջանին և երբեք չենք միջամտել նրա ներքին գործերին: Ես պարզապես մի քանի հարցերում կիսվել եմ իմ մտքերով՝ ԱՄՆ հավասարակշռված քաղաքականությանը համապատասխան: Եվ եթե իմ հարցազրույցից հետո հասարակության մեջ և նույնիսկ կառավարությունում դեռ քննարկվում է իմ դիրքորոշումը, ապա կարծում եմ՝ այն հասել է նպատակին»,- ANS TV Hesabat ծրագրի ժամանակ ասել է Մորնինգսթարը:
Դեսպանն ասել է, որ իր խոսքերը ճիշտ չեն մեկնաբանվել: «Յուրաքանչյուր ցանկացող կարող է ծանոթանալ իմ հարցազրույցի տեքստին դեսպանատան կայքում և համոզվել, որ այն հավասարակշռված և արդար է»,- ասել է դեսպանը:
Դեսպանը նշել է, որ ինքն ասել է բառացիորեն հետևյալը. «Եթե չափազանց խիստ դիրքորոշում ցուցաբերվի քաղաքացիական հասարակության նկատմամբ, նրան թույլ չտրվի շնչել, կարող են լինել անցանկալի հետևանքներ: Եթե ոչ՝ այսօր, ապա 5, 10, 20 տարի հետո»:
Մորնինգսթարը նորից հայտարարել է, որ Ադրբեջանում զարգացման և կայունության համար անհրաժեշտ է քաղաքացիական հասարակության գործունեության պայմաններ ստեղծել. «Ինձ հետ նորից ինչ-որ մեկը կարող է չհամաձայնել, յուրաքանչյուրն իր դիրքորոշումն ունի, իսկ սա իմ կարծիքն է»:










































