Գորիսում ընտրությունները մեկնարկել են ճիշտ ժամանակին, և արդեն ընտրողների մասնակցության ակտիվություն է նկատվում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արմեն Ստեփանյանը նշեց, որ ընտրողների մոտ 28 – 30 տոկոսը մասնակցել են ընտրություններին:
Գորիսում գրանցված միջադեպերի մասին հրապարակումներին անդրադառնալով՝ Ստեփանյանը նշեց, որ իրենք էլ են հետևել դրանց, այդ հրապարակումների հետքերով եղել տեղամասերում, տեսել, որ նման խնդիրներ չկան: «Մենք կարդացել ենք հոդվածները, եղել ենք տեղամասերում, տեղեկատվությունը չի հաստատվել: Գրված էր, թե Յոլյան Հրայրի վստահված անձը դիմել է, որ ինչ-որ մեկն ուղղորդում է, բայց վստահված անձը տեղյակ չի դրա մասին, մարդն ասում է՝ ես նման բան չեմ ասել»,- ասաց նա:
Թիվ 1 ընտրական տեղամասի հանձնաժողովի անդամ Ռոբերտ Հակոբյանը նշեց, որ իրենց տեղամասում առայժմ նորմալ դրություն է, կուտակումներ չկան, մասնակցել է ընտրողների շուրջ երեսուն տոկոսը՝ 1550 ընտրողից 500-ը:
Հիշեցնենք, Գորիսում այսօր քաղաքապետ են ընտրում: Գորիսի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրված են Շանի ՍՊԸ տնօրեն, անկուսակցական Հրայր Յոլյանը և ՀՋԿ ՓԲԸ Գորիսի տեղամասի տնօրեն, ՀՀԿ կողմից առաջադրված Վաչագան Ադունցը:










































