Իսպանիայի խորհրդարանի պատգամավորները դժգոհ են հավաքականի ֆուտբոլիստների համար նախատեսված մրցանակային չափից, եթե նրանք հաղթեն Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությունում: Խորհրդարանականները կտրուկ են արձագանքել յուրաքանչյուր խաղացողի 720 հազար եվրոյի չափով տրվելիք բոնուսին, եթե Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստները կրկնեն հաջողությունը: Այս մասին գրում է Associated Press-ը:
Ընդդիմադիր Սոցիալիստական կուսակցության պատգամավորներն այն անվանել են «անհամաչափ» և «քաղաքացիներին վիրավորող»` հիշեցնելով երկրի ապրած տնտեսական ճգնաժամի մասին: Խորհրդարանական Հոսեփ Էնթոնի Դուրանը նշել է, որ Իսպանիան հավաքականի չեմպիոնական տիտղոսի համար կվճարի երկու անգամ ավելի, քան Գերմանիան:
Ֆուտբոլը համարելով «այլ աշխարհ», որտեղ «ճգնաժամ չկա», օրենսդիրները սպառնացել են խորհրդարանում բարձրացնել ֆուտբոլիստների մրցանակի հարցը:









































