Հունիսի 6-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության ներքին անվտանգության վարչության անձնակազմի հետ։ Օրակարգում 2014 թվականի առաջին կիսամյակի ամփոփման, աշխատանքային խնդիրներին և պայմաններին, ծառայողների մասնագիտական ու բարոյական որակներին վերաբերող հարցեր էին։
Վլադիմիր Գասպարյանն անդրադարձել է ներքին անվտանգության վարչության գործունեության առանձնահատկություններին, ընդգծեց աշխատանքի յուրահատկությունը և այն դերը, որ ունի ծառայությունը ոստիկանությունում ընթացող բարեփոխումների արդյունավետությունն ապահովելու գործում։
Ոստիկանության պետը, միևնույն ժամանակ, ընդգծել է ծառայության աշխատանքի երկրորդ ուղղությունը` ոստիկանության ծառայողին պաշտպանել ամեն կարգի զրպարտանքից ու բանսարկությունից, անաչառ ու հետևողական աշխատանքով վեր հանել ճշմարտությունն ու իրողություններին տալ համարժեք գնահատական։
Ներքին անվտանգության վարչության պետ Արմեն Հակոբյանը ներկայացրել է ծառայության կառուցվածքն ու գործունեությունը։
Վլադիմիր Գասպարյանն անդրադարձել է 2014 և 2013 թվականների արդյունքների համեմատական վերլուծությանը, ծանոթացավ վարչության ստորաբաժանումների ծառայողներին, անդրադարձավ նրանց աշխատանքային ու սոցիալական պայմանների բարելավման, ծանրաբեռնվածության նվազեցման, ծառայության տեխնիկական հագեցման և այլ խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքներին և կրկին հիշեցրեց ոստիկանության ներքին անվտանգության վարչության գերխնդիրը:
Խորհրդակցության ավարտին Վլադիմիր Գասպարյանը կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ է տվել` վարչության անձնակազմից պահանջելով չբավարարվել զուտ ծառայական քննություններով, այլև վերլուծել, հասկանալ ու գնահատել հիմնախնդիրները, ինչը արատավոր երևույթների նվազեցման գրավականներից է։









































