Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Լևոն Ավետիսյանի նախագահությամբ, շարունակվեց Վոլոդյա Ավետիսյանի գործով դատական նիստը, որի ընթացքում դատախազ Կարեն Հարությունյանը սկսեց ընթերցել անցյալ տարվա օգոստոս ամսվա Վոլոդյա Ավետիսյանի հեռախոսազրույցները, որը, ըստ նրանց, հաստատում է կաշառքի մասին մեղադրանքը:
Մի քանի հեռախոսազրույցներ լսելուց հետո դատարանում աղմուկ բարձրացավ: Ազատամարտիկները, ՀՀ քաղաքացիները, ովքեր եկել են սատարելու Վոլոդյա Ավետիսյանին, իրենց անհամաձայնությունը հայտնեցին դատավորին և դատախազին: Դատավորը հեռացավ՝ պահանջելով բոլոր ներկաներին դուրս բերել դահլիճից:
Ազատամարտիկները դատական նիստերի դահլիճում որոշում են հետագա անելիքները:
«Ընդունենք՝ վերցրել է երկու հարյուր դոլար, սահմանների, Ղարաբաղի հարց է, մտածում եմ, որ Վալոդին պետք է ազատեն, էսօր ասում են՝ կամավոր ով կգա սահմանները պահի, էսօր դրել են արդար մարդուն դատում են», – ասաց նրանցից մեկը:
Մյուսն էլ հավելեց. «Վալոդին պահել են, որ Ղարաբաղը հանձնեն»:
Նրանք նշեցին, որ դահլիճից դուրս չեն գալու, թեկուզ իրենց ձերբակալեն՝ մնալու են Վոլոդյայի կողքին:
Անի Զախարյանը փորձեց ուղղորդել ազատամարտիկներին. «Այսօր շարժվել Սերժի մոտ»:
Ազատամարտիկներից մեկն էլ հավելեց՝ ով այստեղից գնա՝ հայ չի:
Այս պահին դատական նիստի դահլիճում ազատամարտիկները երգում են՝ «Հայեր, միացեք, միացեք, հայեր, Արցախն է մեզ կանչում, օգնության հասեք»:











































