Հանրապետությունում այսօր «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից միասնական քննություն է հանձնում շուրջ 7000 դիմորդ: Դիմորդների մեծ մասը ընդունվելու համար պարապել է կրկնուսույցների մոտ:
ԵՊՀ քննական կենտրոնում դիմորդները ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին բողոքեցին շտեմարաններից՝ նշելով, որ բարդ հարցեր կան, խճճող:
Քննական կենտրոնի բակում ծնողները և հայոց լեզվի մասնագետներից մեկը ևս բողոքեցին շտեմարանների և թեստերի բովանդակային որակից: Ի պատասխան՝ նախարարն ասաց, թե տարբեր մասնագետներ տարբեր կարծիք ունեն վիճահարույց հարցերի վերաբերյալ: Սակայն հայոց լեզվի ուսուցչուհու պնդմամբ՝ շտեմարաններում կան վրիպակներ, սխալներ, թեստերում՝ ևս: Նախարարը չհամաձայնեց՝ ասելով. «Միանշանակ դուք եք հայոց լեզվի ասողը»:
Արմեն Աշոտյանը անիմաստ համարեց թեմայի շուրջ խոսակցության շարունակությունը:








































