Twitter միկրոբլոգների ծառայությունը քննարկում է առցանց երաժշտություն լսելու համար Spotify և Soundcloud հայտնի ծառայությունները գնելու հնարավորությունը, ինչը խոսում է երաժշտության ուղղվածության վրա միլիարդավոր դոլարներ ծախսելու ընկերության պատրաստակամության մասին՝ գրում է The Financial Times-ը:
Գործարքների քննարկումն ընթացել է վերջին մի քանի ամիսներին, իսկ քննարկվող գումարները գնահատվել են միլիարդավոր դոլարներ, գրում է թերթը, որի աղբյուրների տվյալներով՝ Twitter-ն ուզում է լիարժեք երաժշտական ծառայություն ավելացնել և իր համար աճի նոր աղբյուրներ ապահովել:
Twitter-ի լսարանի աճի տեմպը վերջին տարվա ընթացքում զգալիորեն նվազել է, ինչի համար ներդրողները քննադատում են ընկերությանը:
Թերթի տվյալներով՝ Twitter-ի համար առավել գրավիչ է Soundcloud-ը, որը հունվարին ներդրումների փուլի ընթացքում գնահատվել է 700 մլն դոլար: Spotify-ը գնահատվում է 4 մլրդ դոլար, իսկ Pandora ծառայությունը՝ մոտ 5 մլրդ դոլար: Ընկերության ներկայացուցիչները հրաժարվել են որևէ մեկնաբանություն տալ:









































