Համացանցում հայտնվել է Գորլովկի գրոհայինների հրամանատար Իգոր Բեզլերի («Բես») տեսաուղերձը, որում նա Ուկրաինայի իշխանություններին նախազգուշացնում է, որ եթե նրանք բաց չթողնեն իր մարդուն, ինքը կգնդակահարի իր մոտ գերի բոլոր սպաներին: Տեսանյութի վերջում նրա հրամանով դիմակավորված անձը կրակում է պատի մոտ կանգնած երկու մարդկանց վրա՝ հայտնում է inforesist.org-ը:
«Խունտան 3 օր առաջ գերի է վերցրել իմ մարդուն: Մենք բանակցել ենք ուկրաինական բանակի, Ուկրաինայի անվտանգության ծառայության և ոստիկանության սպաների հետ փոխանակման վերաբերյալ: Երեք օր ուկրաինական խունտան հրաժարվում է փոխանակել սպաներին այն մարդու հետ, որին նրանք բռնել են: Ինձ մոտ գերի են Ուկրաինայի անվտանգության ծառայության 3 գնդապետ և 3 փոխգնդապետ: Ներկայումս ուկրաինական կողմի հետ բոլոր պայմանավորվածությունները խախտված են:
Ես սպասեցի 3 օր, բայց հիմա այլևս սպասելու ժամանակ չունեմ: Այժմ կգնդակահարվեն պարոն Բուդիկը և պարոն Վասյուշենկոն: Եթե 1 ժամ հետո իմ մարդը ազատ չարձակվի, կսպանվի երկրորդ զույգը, ևս 1.5 ժամ հետո՝ երրորդ զույգը: Եվ այդպես՝ մինչև սպանվեն 8 սպաները: Եթե Ուկրաինայի բանակին և պետությանն այս սպաները պետք չեն, ապա ինձ հաստատ պետք չեն»,- ասվում է ուղերձում:
Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր՝ Վասիլի Բուդիկն ուկրաինամետ ակտիվիստ է, որն առևանգվել էր Գորլովկում:








































