ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին նախօրեին Ուկրաինայի ընտրված նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ Լեհաստանում հանդիպման ժամանակ նրան խնդրել է ապացույցներ տրամադրել, որ Ռուսաստանը կապված է երկրի արևելքում գործող զինյալների հետ, գրում է New York Times պարբերականը:
Նախօրեին Պորոշենկոն Վարշավայում բանակցություններ է վարել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, իսկ դրանից առաջ հանդիպել է Քերիի հետ: Ուկրաինական ԶԼՄ-ների տվյալներով՝ քաղաքական գործիչները քննարկել են Ուկրաինայի ժողովրդավարական զարգացումը: Քերին նաև հիացմունք է հայտնել ուկրաինացի ժողովրդի հանդեպ, նշել է անցած ընտրություններում Պորոշենկոյի հաջողությունը:
New York Times-ի տեղեկությամբ՝ Քերին մասնավոր կարգով Պորոշենկոյին խնդրել է ապացույցներ ներկայացնել, որ Ռուսաստանը կապված է Ուկրաինայի արևելքում գործող զինյալների հետ:
Հինգշաբթի օրը Քերին Փարիզում բանակցություններ կվարի ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ: Կողմերը կքննարկեն Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը:








































