Եվրոպական երկրները ռազմավարական սխալ են թույլ տվել՝ որպես դաշնակից ընտրելով ԱՄՆ-ին, և պետք է հասկանան, որ «վաղ թե ուշ Ամերիկան նրանց թիկունքից կհարվածի»՝ հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին՝ երեկ երեկոյան ելույթ ունենալով Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Խոմեյնիի մահվան 25-ամյակի առիթով: Այս մասին փոխանցում է Al Arabiya-ն:
«Եվրոպայի երկրները ներկայում ԱՄՆ-ի հետ համատեղ շահեր ունեն, սակայն նրանք պետք է սպասեն օրվան, երբ Ամերիկան թիկունքից կհարվածի»,- ասել է նա:
Նա հայրենակիցներին կոչ է արել չվախենալ Իրանի դեմ «ԱՄՆ-ի ռազմական ագրեսիայից»: «Ես վստահ եմ, որ ԱՄՆ-ը չի որոշի դիմել ուղիղ ռազմական ագրեսիայի այն կորուստներից հետո, որոնք նա կրել է Իրաքում և Աֆղանստանում»,- հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդը:
Ալի Խամենեիի ելույթը համընկել է Վիեննայում Իրանի և «վեցյակի» ներկայացուցիչների փորձագիտական տեխնիկական հանդիպման մեկնարկի հետ: Հանդիպմանը քննարկվում են իրանական միջուկային դոսյեի կարգավորմանն ուղղված ամփոփիչ համաձայնագրի մանրամասները:









































