Մեծ Բրիտանիայում մասամբ արգելել են մերկ երգչուհի Ռիհաննայի մասնակցությամբ գովազդը, գրում է The Daily Mirror-ը: Պաստառները, որոնցում երգչուհին կոչ է անում գնել իր Rogue օծանելիքը, կարելի է ցուցադրել միայն այն վայրերում, որտեղ դրանք երեխաներ չեն տեսնի: Համապատասխան որոշումն ընդունել է Բրիտանիայի գովազդային չափանիշների կոմիտեն (ASA):
Կոմիտեն բողոք է ստացել, որի հեղինակը հայտարարել է, որ Ռիհաննայի լուսանկարով պաստառը չափազանց սեքսուալ է, նաև նվաստացնում է կանանց: Բողոքողի կարծիքով՝ այդ պրովոկացիոն պատկերը երեխաները չպետք է տեսնեն:
Rogue-ն արտադրող Parlux Fragrances ընկերությունը, իր հերթին, հայտնել է, որ Ռիհաննայի նկարներով գովազդային պաստառների վերաբերյալ ոչ մի այլ բողոք չի ստացել: Ընկերությունը նշել է, որ երգչուհին հայտնի է իր պրովոկացիոն երգերով և արարքներով, ուստի գովազդի հեղինակները փորձել են գովազդում ընդգծել երգչուհու բնույթի հենց այդ գծերը:
«Մենք չենք կարծում, որ պատկերը չափազանց սեքսուալ է, բայց ենթադրում ենք, որ Ռիհաննայի դիրքը (վեր բարձրացրած ոտքերով) պրովոկացիոն է»,- նշել են ASA-ում և հավելել, որ այդ պատճառով լավ կլինի՝ Rogue-ի գովազդը տեղադրվի այնտեղ, որտեղ այն երեխաները չեն տեսնի:









































