Հոլանդիայի Մորդեյկ քաղաքում՝ Shell ընկերության քիմիական կոմբինատում, բռնկվել է ուժեղ հրդեհ: Բռնկման պատճառը բենզոլով բեռնարկղերի պայթյուններն էին: Այս մասին հայտնում է NOS հեռուստաընկերությունը:
Պայթյուններից հետո, որոնք լսվել են հարակից քաղաքներում, այդ թվում և՝ Ռոտերդամում, բարձրացել է բոցի բարձր սյուն: Դեպքի վայր ժամանած հրշեջները սպասել են մինչև վառելիքն այրվի, որից հետո անցել են հրդեհաշիջման աշխատանքներին:
Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չկան: Իշխանությունները չեն հայտնում, թե մարդկանց առողջությունը ինչ լրջությամբ կարող է վտանգվել քիմիկատների արտանետումից: Ընկերությունը դեռևս ոչ մի կերպ չի մեկնաբանում տեղի ունեցածը:
Ձեռնարկության պահեստներում պահվում են քիմիական նյութեր, որոնք կիրառվում են տարբեր արտադրությունների համար՝ շինարարական նյութերից մինչև պլաստիկ շշեր և ավտոմեքենաների անվադողեր:










































