Սաուդյան Արաբիայի իշխանություններն արգելք են սահմանել երկրում արգելված «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության հետ կապ ունեցող հեղինակների ստեղծագործությունների վաճառքի ու տարածման վրա: Այս մասին հայտնում է Gulf News թերթը:
Պարբերականի տվյալներով՝ կրոնական հարցերով ոստիկանությունը տարածել է նախազգուշացում սաուդցի գրող Սալման Ալ-Օդայի և քուվեյթցի հեղինակ Տարիկ Ալ-Սուվեյդանի ստեղծագործություններն ազատ վաճառքից հանելու անհրաժեշտության մասին:
Մարտին Սաուդյան Արաբիայում հաստատվել է ահաբեկչական խմբավորումների ցուցակ, որում «Ալ-Քաիդայից» բացի ներառվել են «Մուսուլման եղբայրները» և լիբանանյան շիայական «Հըզբոլլահ» խմբավորումը: Երկրի ՆԳՆ-ն նախազգուշացրել է, որ կհետապնդի բոլոր նրանց, ովքեր նյութական և բարոյական աջակցություն կցուցաբերեն ցուցակում ներառվածներին: Ցուցակի հաստատման պահից երկրում ավելի քան 70 ծայրահեղականներ են ձերբակալվել, 44-ի դեմ հետախուզում է հայտարարվել:








































