«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է խորհրդային պետական-քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի թոռը` Ռուսաստանի առևտրաարդյունաբերական պալատի Արևելյան Եվրոպայի ներկայացուցիչ Վլադիմիր Միկոյանը (Անաստաս Միկոյանի կրտսեր որդու` Սերգեյ Միկոյանի որդին):
– Պարոն Միկոյան, Հայաստանում շատերն են հասկանում, որ անգնահատելի է Անաստաս Միկոյանի կարևորագույն դերակատարությունը ԽՍՀՄ քաղաքական և ռազմավարական զարգացման հարցում, սակայն նրա պատմական կերպարի նկատմամբ վերաբերմունքը հիմնականում բացասական է՝ բոլորն են հիշում, ովքեր չգիտեին՝ վերջերս իմացան, որ Միկոյանը ժամանակին ստորագրել է հազարավոր հայերի գնդակահարության փաստաթուղթ և նպաստել, որպեսզի այդ մարդկանց ցուցակներն ավելանան: Երևանցիները դեմ են Անաստաս Միկոյանի արձանի տեղադրմանը, շատերը տեսակետ են հայտնում, որ արձանի տեղադրման դեպքում այն պետք է պայթեցնել կամ ամեն օր նրա ձեռքերը կարմիր գույնով ներկել` ի նշան այն բանի, որ նրա ձեռքերն արյունոտ են: Այս տրամադրությունների ֆոնին որքանո՞վ եք ճիշտ համարում արձանի տեղադրումը:
– Հուշարձանը պետք է տեղադրել միանշանակ: Դա հուշարձան է ոչ այնքան կոմունիստական անցյալ ունեցող կերպարի կամ տոտալիտար իշխանության ներկայացուցչի, ինչպես ընդունված է ասել, այլ դա հուշարձան է անհատականության: Ի դեպ, այդ անհատականությունը ձևավորվել է լքված լեռնային Սանահին գյուղում ապրող մի փոքրիկ տղայից, որևէ բառ անգամ ռուսերեն չխոսող տղայից, ինքն իրեն ֆիգուր և անհատականություն է դարձել, իմաստուն, մասշտաբային մարդ, բարդ անհատականություն` ապրած չափազանց բարդ և դրամատիկ, վտանգավոր ժամանակներում: Բայց նա մարդ է, ով ինքն է հասել այդ ամենին: Միկոյանը յուրաքանչյուր հայի համար օրինակ է` ինչպես մարդը կարող է ոտքի կանգնել և ձեռք բերել վաստակված հարգանք և ճանաչվածություն ոչ միայն աշխարհի ամենամեծ երկրում, որն այն ժամանակ ԽՍՀՄ-ն էր, այլև արտերկրում: Միջազգային մասշտաբի առաջնորդներ են խոսել նրա մասին: Օրինակ՝ Ֆրանսիայի նախագահ Շառլ դը Գոլն ասել էր, որ նա համաշխարհային մասշտաբի պատմական դեմք է: Շատ ուրիշները ևս չէին հրաժարվում նման հաճոյախոսությունների հարցում: Ուստի այս ֆիգուրին պետք է նայել բազմակողմանիորեն, չմոռանալ այն մասին, որ նա լավ բաներ է արել: Այդ հուշարձանը թող դառնա խորհրդանիշն այն բանի, թե ինչի կարող է հասնել մարդն իր աշխատանքի արդյունքում՝ իր ունակությունները զարգացնելով:
Ինչ վերաբերում է հազարավոր հայերի գնդակահարություններին, ապա չկան նման փաստաթղթեր, դա չարամիտ, կանխամտածված չափազանցություն է: Չգիտես ինչու` այս քննարկումների ընթացքում, որոնց ես հետևում եմ, որևէ մեկը չի խոսում այն մասին, որ Միկոյանը հանդիսացել է մեր հասարակության դեստալինիզացիայի գլխավոր շարժիչ ուժը, և առանց Միկոյանի այդ դեստալինիզացիան պարզապես չէր կայանա: Բավարար է նայել նրանց, ովքեր իշխանության էին Ստալինից հետո, մնացել էին միայն ստալինիստները, ի՞նչ է` Մոլոտովն ու Կագանովի՞չը պետք է դեստալինիզացիան իրականացնեին, ի՞նչ է` Մալենկո՞վը, ով ինքն էր ստորագրել գնդակահարության ցուցակները: Որևէ մեկի խիղճը չէր տանջում, բացի Միկոյանից ու Խրուշչովից: Խրուշչովը ապահովեց Միկոյանին քաղաքական աջակցությամբ, իսկ Միկոյանն իրականացրեց դեստալինիզացիան: Հենց նա էր վերականգնող հանձնաժողովի ղեկավարը, չէ՞ որ նա վերադարձրեց արտաքսված ժողովուրդներին, նա էր այդ հանձնաժողովի ղեկավարը, ճամբարներից մարդկանց հարյուր-հազարներով ազատ արձակեց առանց յուրաքանչյուր գործը առանձին դիտարկելու, քանի որ նա հասկացել էր, որ դա երկար տարիներ կարող էր շարունակվել, իսկ մարդիկ պարզապես կմահանային ճամբարներում: Այս ամենը նա էր, չէ՞: Մարդիկ, որոնք ազատվել էին ճամբարներից, գնում էին նրա մոտ օգնության, պատահական չէր, չէ՞, դա, չէ՞ որ, եթե նրանք կարծեին, որ Միկոյանն է իրենց դժբախտությունների պատճառը, նրան չէին դիմի: Ի՞նչ կարող էր անել Միկոյանը Ստալինի դեմ, նույնիսկ ծիծաղելի է նրանց նույն հարթության վրա դնելը: Միկոյանի երկու տղաներն են բանտ ընկել 1943թ., որոնցից մեկն իմ հայրը, նա այդ ժամանակ 14 տարեկան էր: Ստալինը Միկոյանի երեխաներին էր բանտ գցել, իսկ մարդիկ, ինչպես երևում է, հատուկ, չարամտորեն Միկոյանին ներկայացնում են որպես մի մարդու, ով ԽՍՀՄ-ում կարող էր ցանկացած գործ իրագործել, մեկին նստեցնել, մյուսին ազատ արձակել: Այն ցուցակը, որի համար Միկոյանը տանջում էր իրեն ողջ կյանքում, 300 մարդ, դա իր խղճի ցավն էր, չէ՞ որ դա նրան Կենտկոմն էր հանձնարարել, նրան կցել էին նաև վերակացուներ, չէ՞ որ նրանք ևս այդ պլենումին ներկա էին, Միկոյանը հանում էր ազգանուններ, իսկ այդ մարդկանց ամեն դեպքում ձերբակալում էին: Ինչպե՞ս այդ ամենը չնկատել: Ամենակարևորը` ինչո՞ւ չեն տեսնում, որ միայն Միկոյանն իր ձեռքը վերցրեց վերականգնումը, չէ՞ որ ոչ մեկը այդ ժամանակվա իշխանությունից դրանով չսկսեց զբաղվել: Մինչ Խրուշչովը ո՞վ 20-րդ համագումարին Ստալինի դեմ խոսեց` Միկոյանը, իսկ ո՞վ ընդհանրապես համոզեց Խրուշչովին դեստալինիզացիան դարձնել 20-րդ համագումարի թեմա` Միկոյանը:
– Փաստաթղթերը ոչ թե հարյուրավոր գնդակահարվածների, այլ հազարավոր գնդակահարվածների մասին են:
– Ես չգիտեմ, թե ինչ թվերի մասին եք դուք խոսում: Կար ցուցակ 300 մարդու համար, Միկոյանին այդ ցուցակը տվել էին Մոսկվայում` Ստալինը, ցուցակը պատրաստվել էր հայկական НКВД-ի կողմից, այդ ցուցակը ես գիտեմ, խոսել հազարների մասին առանց փաստաթղթային հիմքի և հաստատման պարզապես անամոթություն է հայերի կողմից: Մարդիկ խիղճ չունեն: Տվեք փաստաթղթերը, այդ ժամանակ էլ կխոսենք, կարող ենք ասել հազարներ, 10 հազար, 100 հազարներ, եկեք ապացույցներով խոսենք: Ինքն Անաստաս Իվանիչը չէր հերքում, որ, այո, նա այդ ցուցակը բերել էր Հայաստան, բայց նա չէր դա կազմել, դա նրան տվել էին, հայկական НКВД-ն կազմել էր, իսկ Ստալինը՝ հաստատել: Միկոյանին ուղարկել որոշել էր նենգ Ստալինը, որպեսզի Միկոյանին կապեր արյամբ, որպեսզի նա որևէ ինքնուրույնություն չցուցաբերեր, որովհետև Միկոյանը նրան խնդրում էր առանձին մարդկանց համար, և Ստալինին դա նյարդայնացնում էր, չէ՞ որ Միկոյանի շնորհիվ էին փրկվել Թևոսյանը, Կարո Հալաբյանը, Բաղրամյանը: Ամեն անգամ ստիպված պետք էր գնալ Ստալինի մոտ, խնդրել և ապացուցել, որ մարդիկ անմեղ են: Միայն առանձին դեպքերում էր Ստալինը համաձայնում, Միկոյանը որևէ կերպ չէր կարող այդ ռեպրեսիաներին վերջ տալ, այդպիսին էր համակարգը, որն էլ ոչնչացնում էր խեղճ մարդկանց: Ողջ պատասխանատվությունը դնել Միկոյանի վրա, շատ անարդար է:
– Ամեն դեպքում Դուք ասում եք մեկ բան, մարդիկ մեկ այլ բանում են վստահ ու դեմ են արձանի տեղադրմանը: Դուք չե՞ք համարում, որ երևանյան այս տրամադրությունների ֆոնին այդ արձանի տեղադրումը սխալ է:
– Ես կարծում եմ, որ պետք է հանդարտվել: Էլի եմ ասում, որ պետք չէ քաղաքականացնել այդ հարցը: Ես կարդացի մի զարմանալի մատերիալ, որտեղ հեղինակները այնպիսի հարուստ ֆանտազիայով են գրում այն, որ դա տեղեկատվական պրոպանգանդա է, մշակութահոգեբանական դիվերսիա: Սա հիմարություն է, ծիծաղելի է: Մենք այդ մասին խոսել ենք 2007-ից: Ես սա Ձեզ հստակ եմ ասում, ձգձգվում էր, և հանկարծ մարդիկ սկսեցին կապել դա Մաքսային միության հետ, Ռուսաստանի հետ կապերին, բայց չկա որևէ կապ ընդհանրապես: Դա սովորական հարց է, արձանի տեղադրում, որը չունի որևէ քաղաքական հիմք, ինչու այդպիսի կապեր փնտրել: Ինչու չեն հիշում՝ ինչով էր Միկոյանը զբաղվում հիմնականում: Այո, նա մարդ էր, ով սխալներ է գործել, իսկ ով չի թույլ տալիս սխալներ, նա նույնիսկ ասել էր. «Այն ժամանակ մենք բոլորս սրիկաներ էինք»: Նա ընդունում էր բարոյական պատասխանատվությունը նրա համար, որ այդ մթնոլորտում էր աշխատում, նա կարող էր միայն ինքն իրեն խփել, ինչ է դա կդադարեցնե՞ր ռեպրեսիաները: Ստալինին ոչ մեկը և ոչինչ չէր կարող կանգնեցնել: Հասկացեք: Միկոյանի այդ ստորագրությունները ոչ ավելին, քան ֆորմալ ինչ-որ բան են, Ստալինին այդ ստորագրությունը պետք էր ոչ թե նրա համար, որ Միկոյանն այդ քայլին հավանություն տար, այլ որպեսզի Միկոյանին արյունով կապեր: Սա է էականը, իսկ մարդիկ ասում են, թե նա ցուցակներ է կազմել, մարդկանց ուղարկել մահվան, ոչ մի նման բան: Մարդիկ կարևորը պետք է տեսնեն: Միկոյանը ջանում էր փրկել մարդկանց: Ես զարմացած եմ այն բանից, թե ինչպես են հարձակվում անհատականության վրա, որին պետք է երախտապարտ լինեն ժողովրդավարացման գործընթացի համար: Ես կարծում եմ, որ հուշարձանն անպայման պետք է կանգնած լինի, և ես պատրաստ եմ ելույթ ունենալ որտեղ որ պետք է և ապացուցել այս ամենը:
– Ավելի վատ չի՞ լինի արդյոք, որ տեղադրվի արձանն ու անարգվի: Բնակչության կարծիքը հանգեցնելու է արձանի անարգման:
– Բոլոր երկրներում դա բարբարոսություն է համարվում:
– Բայց մարդիկ այսօր էլ դեմ են, ինչո՞ւ բանը դրան հասցնել:
– Առաջին հերթին դա օրենքի խախտում է: Եթե այդպես ընդունենք, ապա ինձ էլ կարող է դուր չգալ Տարաս Շևչենկոյի արձանը, եկեք ես գամ Երևան և ներկեմ, իսկ միգուցե որևէ մեկին դուր չի գալիս Ռուսաստանի հետ բարեկամությունը, եկեք Ֆրիդրիխ Սողոյանի քանդակն աղավաղենք, որ Ռուսաստանին վատ լինի: Միայն հայերի մտքին է գալիս, որ պետք է Հայաստանի ամենահայտնի գործիչներից մեկի արձանն անարգել: Հայաստանի հիանալի կերպար կձևավորվի մեր սփյուռքի և արտասահմանի աչքում, որտեղ ոչ բոլորն են համաձայն այն բողոքների հետ, որոնք հիմա բարձրացվում են: Այդ մարդիկ չեն մտածում Հայաստանն ինչպես է երևալու այդ դեպքում:
– Ձեր ընտանիքն ինչպե՞ս է ընդունում այս մթնոլորտում արձանի տեղադրումը:
– Մեր ընտանիքի ամենատարիքով ներկայացուցչի հայտարարությունը կա, ԽՍՀՄ հերոս Ստեփան Միկոյանի՝ Միկոյանի ավագ որդին: Մեր ընտանիքում կան անհանգստություններ, մեզ հաճելի չէ, որ նման կարծիքներ են հնչում: Որևէ հաճելի բան չկա դրանում: Բայց ես կարծում եմ, որ դա չէ էականը: Մենք գիտենք, ով է եղել մեր հարազատը, ում հայրը, ում պապը, ում ապուպապը, մենք ճանաչում ենք նրա անձնական որակները, նրա մարդկայնությունը, նրա խիղճը, նրա մոտեցումը մարդկանց նկատմամբ, մենք դա գիտենք, հիշում ենք ու գնահատում: Ինչո՞ւ մենք պետք է մի քանի կատաղած գոռգոռացողների, որոնք չեն հասկանում ինչպես իրենց պահել, նույնիսկ սպառնում են անարգել հուշարձանը, սիրաշահենք և խնդրենք նրանց դա չանել: Իմ կարծիքով` մենք գործում ենք Հայաստանի շահերից ելնելով:








































